Շաբաթ օրը դաշնային դատավորը ժամանակավորապես արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փորձը՝ օգտագործելու 1798 թվականի օտարերկրյա թշնամիների մասին օրենքը՝ ավազակախմբի կասկածյալ անդամներին արտաքսելու համար, որոնց նա մեղադրել է երկիր «ապօրինի մուտք գործելու» մեջ, հայտնում է NBC News-ը։

Նա նաև կարգադրել է, որ բոլոր արտաքսման թռիչքները, որոնք տեղափոխում են նախագահական հրամանի տակ ընկնող մարդկանց, վերադառնան ԱՄՆ: Թրամփը շաբաթ օրը վկայակոչել է պատերազմի ժամանակ հազվադեպ օգտագործվող լիազորությունները՝ մեղադրելով անդրազգային Tren de Aragua հանցախմբին «Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմ», ներառյալ նրա «ռազմական և իրավապահ ապարատ  ներթափանցելու» և ԱՄՆ-ի տարածքում «անկանոն պատերազմը» շարունակելու և ԱՄՆ քաղաքացիների դեմ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը օգտագործելու մեջ։

Սպիտակ տան կողմից Թրամփի հայտարարության հրապարակումից ժամեր առաջ Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը և «Առաջ՝ հանուն ժողովրդավարության» շարժումը հայց են ներկայացրել՝ մեղադրելով Սպիտակ տանը՝ Օտարերկրյա թշնամիների մասին օրենքով հինգ վենեսուելացիների մոտալուտ արտաքսումը նախապատրաստելու մեջ։

Կոլումբիայի շրջանի գլխավոր դատավոր Ջեյմս Բոսբերգը սկզբնապես ժամանակավոր արգելման դատական հրաման է արձակել, որը թույլ չի տալիս Թրամփի վարչակազմին արտաքսել հայցի մեջ նշված հինգ օտարերկրացիներին առնվազն 14 օրով:

Բոսբերգն ընդլայնել է որոշման գործողությունը՝ այն տարածելով  «ԱՄՆ-ում կալանքի տակ գտնվող բոլոր քաղաքացիություն չունեցող անձանց» վրա, որոնք ընկնում են Թրամփի հրամանի գործողության տակ:

Արդարադատության նախարարությունը բողոքարկել է որոշումը շաբաթ երեկոյան։ Որոշումը նշանակում է, որ Վենեսուելայի 14 և ավելի բարձր տարիքի բոլոր քաղաքացիները, որոնք Tren de Aragua-ի անդամներ են և ներկայումս գտնվում են երկրում և չունեն ԱՄՆ քաղաքացիություն, պետք է մնան Միացյալ Նահանգներում 14 օր կամ մինչև դատարանի հետագա որոշումը:

Դատավորի որոշումը չի տարածվում այն ​​մարդկանց վրա, որոնք արդեն հրաման են ստացել լքել երկիրը՝ օտարերկրյա թշնամիների մասին օրենքի հետ չկապված պատճառներով, և այն չի տարածվում այն ​​մարդկանց վրա, որոնք ինքնաթիռով արդեն վայրէջք են կատարել այլ երկրում:

Դատավորը նշել է, որ երբ այդ անձինք իջնեն ինքնաթիռից և հայտնվեն այլ երկրում, նրանք այլևս ենթակա չեն դատարանի իրավասությանը։

Դատավորը ևս մեկ նիստ է նշանակել ուրբաթ օրը՝ մարտի 21-ին՝ հետագա փաստարկները լսելու համար:

Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը Սալվադորին կվճարի 6 միլիոն դոլար՝ Վենեսուելայում ձևավորված Tren de Aragua անդրազգային հանցախմբի մոտ 300 ենթադրյալ անդամների մեկ տարով ազատազրկելու համար, ինչը դարձավ առաջին դեպքերից մեկը, երբ Կենտրոնական Ամերիկայի երկիրը միգրանտներ է ընդունելու Միացյալ Նահանգներից:

Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև Սալվադորի տխրահռչակ բանտում միգրանտներին տեղավորելու վերաբերյալ բանակցություններից հետո: