Forbes ամսագիրը կազմել է 2011թ. հանրությանն անհայտ գլխավոր հերոսների ցանկը:

Ցուցակում «Ֆուկուսիմա»-ի փրկիչն է, Մուբարաքի գլխավոր թշնամին եւ եւս 18 հոգի, որոնք որոշել են իրադարձությունների ընթացքը, բայց կարողացել են անհայտ մնալ:

Այդ անհայտ գործող անձանց թվում երկու դատավոր եւ մի քանի ֆինանսիստներ են, բանաստեղծ, տանիքագործ եւ ինժեներ, ագարակատեր եւ աստղագնաց եւ, որքան էլ տարօրինակ է, Ռուսաստանի կառավարության մեկ նախարար:

«Ֆուկուսիմա 1» ատոմակայանի պայթյունից մեկ օր անց` մարտի 12-ին,   TEPCO  ընկերության տնօրենը Մասաո Յոսիդային հրամայել է դադարեցնել ծովի ջրով ռեակտորների սառեցումը: Ինժեները չի ենթարկվել հրամանին եւ դրանով կանխել ռեակտորի պայթյունը: Նոյեմբերի վերջին Յոսիդան հիվանդանոց է տեղափոխվել` քաղցկեղի ախտորոշմամբ եւ ազատվել պաշտոնից: Հնարավոր է, հիվանդությունը ճառագայթման հետեւանքով է զարգացել:

Ցուցակում հաջորդը Ադամ Չայերն է, որն iPhone 4S-ը «խելացի է դարձրել», Մարսել Գլեֆեն, որը  «նորվեգական հրաձիգի» կազմակերպած  ահաբեկչության ընթացքում 20 մարդու է փրկել, Լոնդոնի Գերագույն դատարանի դատավոր Էլիզաբեթ Գլոստերը, որը վարում է Բերեզովսկու եւ Աբրամովիչի գործը: Նշվում է նաեւ Սալվան Կիրի` Հարավային Սուդանի առաջին նախագահի անունը:

Այնուհետեւ Google-ի կառավարիչ Վայիլ Գոնիմն է` «արաբական գարնան» հերոսներից մեկը,  Մուբարաքի գլխավոր թշնամին ինտերնետում:

Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի ղեկավար Կլաուս Ռեգլինգը եվրոպական տնտեսության գլխավոր փրկիչն է անվանվել:

Ցուցակում է նաեւ Ստրոս Կանի զոհ եւ տանջարար Նաֆիսատու Դիալոն:

Նշվում է նաեւ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի անունը:

Հաջորդում է Standards & Poors ընկերության ղեկավար Ջոն Չեմբերսի անունը, որն իջեցրել է ԱՄՆ վարկանիշը:

Ցուցակում վերջինը շվեդ բանաստեղծ Թումաս Տրանստրեմերն է, որը Նոբելյան մրցանակ է ստացել, բայց, միեւնույն է, հայտնի չի դարձել: