Մարտի 22-ին Խարկովում տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ռազմական կաբինետի նիստը։ Քննարկվել են ռազմաճակատում տիրող իրավիճակը և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի հետ հանդիպման նախապատրաստությունը, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի Telegram-ին։

Զելենսկին նշել է, որ հանդիպման ընթացքում լսել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի և Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովի զեկույցները։ Բացի այդ, հանդիպմանը մասնակցել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և նրա տեղակալ Պավել Պալիսան։

«Մենք քննարկել ենք իրավիճակը ռազմաճակատում, իրավիճակը հիմնական ուղղություններով՝ Զապորոժժիա, Դոնեցկ, Խարկով, Սումի և Կուրսկի շրջանում գործողության առաջընթացը։ Մենք պատրաստվել ենք նաև ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպմանը, որը տեղի կունենա վաղը Սաուդյան Արաբիայում»,- տեղեկացրել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ, Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը լրագրող Գլեն Բեքին տված հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայում այսպես կոչված «անուղղակի բանակցություններ» է կազմակերպում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։

«Այս շաբաթ մենք այսպես կոչված տեխնիկական թիմեր ենք ուղարկում այսպես կոչված անուղղակի բանակցությունների Սաուդյան Արաբիա: Երկու կողմերն էլ (Ռուսաստանը և Ուկրաինան) կժամանեն, բայց նրանք կլինեն տարբեր սենյակներում», - բացատրել է Քելլոգը:

Նրա խոսքով, այս հանդիպումների հիմնական նպատակն է հստակեցնել Մոսկվայի եւ Կիեւի դիրքորոշումները հնարավոր զինադադարի հարցում։ «Իրականում սա Էր-Ռիադի սենյակների միջև մաքոքային դիվանագիտության ձևաչափ է: Տեսնենք՝ կարո՞ղ ենք հասնել համապարփակ զինադադարի։ Սա կլինի պատերազմի ավարտի առաջին քայլը»,- հավելել է Թրամփի հատուկ ներկայացուցիչը։