Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը, բացի պաշտոնապես հայտարարվածներից, վերջին ամիսներին կարող էին նաև այլ շփումներ ունենալ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «Коммерсантъ»-ը։

Լրագրող Պավել Զարուբինը Կրեմլի ներկայացուցչից հետաքրքրվել է, թե վերջին շրջանում քանի՞ հեռախոսազրույց են ունեցել երկու երկրների նախագահները։ Լրագրողը նշել է, որ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետևում է, որ շփումները  երկուսից ավելին են եղել։

«Մենք հաղորդում ենք այն խոսակցությունների մասին, որոնց մասին տեղյակ ենք։ Բայց մնացած ամեն ինչը բացառել չենք կարող»,- պատասխանել է մամուլի քարտուղարը։

Վլադիմիր Պուտինի առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 12-ին։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների երկրորդ զրույցը կայացել է մարտի 18-ին։

Դրա արդյունքում, ՌԴ նախագահն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից միմյանց էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելուց 30 օրով փոխադարձ հրաժարվելու առաջարկը։ Պուտինը նաև հրադադարի պայմաններ է առաջադրել՝ ներառյալ ռազմական օգնության դադարեցումը և հետախուզական տվյալների փոխանցումն Ուկրաինա։

Դոնալդ Թրամփը բազմիցս ասել է, որ հեռախոսով խոսել է Վլադիմիր Պուտինի հետ, թեև նախագահների մամուլի ծառայությունները չեն հայտնել շփումների մասին։ Հարցին, թե քանի անգամ է նա խոսել Ռուսաստանի առաջնորդի հետ, Թրամփը պատասխանել է. «Լավ կլինի՝ լռեմ»: