Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի վերջին հեռախոսազրույցը, անշուշտ, մոտեցրել է նրանց դեմ առ դեմ հանդիպումը, համոզված է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում Կրեմլի ներկայացուցիչն անցած զրույցն անվանել է վստահալից և անկեղծ, որն անցել է կառուցողական աշխատանքային մթնոլորտում։ Միևնույն ժամանակ, լրագրողի այն հարցին, թե երկու ղեկավարների այս խոսակցությունը մոտեցրե՞լ է նրանց անմիջական հանդիպումը, Պեսկովը կարճ և հստակ պատասխանել է. «Անպայման»։
Սակայն իրենց հանդիպման հեռանկարների մասին նախագահներն ավելի հանգամանալից խոսակցություն կունենան, երբ երկու կողմից «կոնկրետ ծրագրեր, փոխըմբռնում և պայմանավորվածություններ» ի հայտ գան, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովը նաև հայտնել է, որ զրույցը տևել է մոտ երկու ժամ, սակայն սա պայմանական հաշվարկ է, քանի որ զանգի տևողությունը ներառում է նաև կապի ստուգումն ու թարգմանիչների հետ շփումները։
«Հեռախոսային խոսակցությունները սովորաբար սկսվում են միացումից՝ ստուգում են հնչողությունը, ստուգում են թարգմանչի ձայնը, քանի որ նախագահների խոսքը թարգմանվում է երկու կողմից։ Եվ ընդհանուր առմամբ, եթե հաշվի առնենք ժամանակը, ներառյալ թարգմանությունը, ապա այն տևել է մոտ երկու ժամ», - պարզաբանել է նա՝ պատասխանելով ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինի հարցին:
Կրեմլի խոսնակը մեկնաբանել է այն պնդումները, թե սա Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների ամենաերկարատև խոսակցությունն է եղել։
«Իսկապես, տևողության առումով սա, հավանաբար, ամենաերկար զրույցներից մեկն էր երկու պետությունների ղեկավարների միջև», - հաստատել է նա:





























