Պետության կողմից առաջարկվող միջոցառումները, ինչպիսին, օրինակ, կամավոր ատեստավորմամբ աշխատավարձի բարձրացումն է, բավարար չեն Հայաստանի դպրոցներում ուսուցիչների քանակի եւ որակի հետ կապված խնդիրները լուծելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Չնայած կառավարության կողմից իրականացվող խթանիչ որոշ միջոցառումների՝ դպրոցներում դեռ ուսուցիչների պակաս կա։ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ այս պահին խնդիրը շատ սուր չէ, քանի որ Արցախից բռնի տեղահանված շուրջ 1500 ուսուցիչների զգալի մասը համալրեցին առկա շատ թափուր տեղեր։ 

«Այս պահին էլ հարյուրավոր թափուր տեղեր կան։ Խնդիրը շատ ավելի կսրվի առաջիկայում, եթե արմատական փոփոխություններ չարվեն»,– նշեց կրթության փորձագետը։ 
Խնդիրը հատկապես սուր է մարզերի դպրոցներում։ Լոռու մարզի դպրոցներից մեկի ուսուցչուհին, որը խնդրեց չհրապարակել իր անունը, մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը դպրոցում քիմիայի միակ ուսուցիչն է. «Չունենք մասնագետ, ես որքան էլ հիվանդ լինեմ, պետք է անպայման ներկայանամ, քանի որ փոխարինող չկա»:
Մարզի այլ դպրոցների մի մասում այդ մեկ մասնագետն էլ չկա։ Քիմիա դասավանդում են կենսաբանություն, կամ այլ առարկաներ դասավանդողները։
«Քաղաքում այդ խնդիրը չունենք, բայց գյուղերում մի ուսուցիչը կարող է մի քանի առարկա պարապել, որը, իհարկե, արդյունավետ չէ»,- նշեց ուսուցչուհին:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ խնդիրն ավելի սուր է հեռավոր մարզերում, հեռավոր գյուղերում և փոքր դպրոցներում։ 
«Դժվար է գտնել թվային գրագիտություն և համակարգչային գիտություն (ԹԳՀԳ) առարկայի բարձրորակ ուսուցիչներ, ռուսերենի, գերմաներենի, ֆրանսերենի, քիմիայի ուսուցիչներ»,- ասաց նա։ 
Հայաստանում ուսուցիչների թվի նվազմանը զուգահեռ պակասում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան դիմողների թիվը։ Մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սերինե Շողերյանի խոսքով՝ այս տարի Քիմիայի առկա բակալավր բաժինը դիմորդ չի ունեցել։

«Մեզ մոտ այս տարի քիմիայի առանձին առկա բակալավրի բաժին չկա, փոխվել է կենսաքիմիայի։ Կենսաքիմիայի բաժին ընդունվել է 8 ուսանող»,-ասաց Սերինե Շողերյանը։ 
Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ կառավարությունը որոշ ջանքեր գործադրում է՝ խթանելու, որ երիտասարդներն ընտրեն ուսուցչի մասնագիտությունը, սակայն դրանք արդյունավետ չեն։
«ԲՏՃՄ ֆակուլտետներում ուսանողները ստանում են բարձր կրթաթոշակ։ Բայց խնդիրը միայն գումարը չէ։ Երիտասարդները ուսուցչի աշխատանքը համարում են դժվար, ոչ գրավիչ և խուսափում են այդ մասնագիտությունն ընտրելուց»,– ասաց նա։
Ուսուցիչների պակասի հիմնական գործոնները, ըստ Սերոբ Խաչատրյանի, ցածր աշխատավարձերն են, երեխաների հետ աշխատելու դժվարությունները, ուսուցիչների հանդեպ հարգանքի, վստահության նվազումը, երեխաների հետ աշխատելու դժվարությունները։ 
Ուսուցչի աշխատանքն ավելի գրավիչ դարձնելու համար ԿԳՄՍ նախարարությունը առաջարկում է ավելի բարձր աշխատավարձ մարզերում աշխատելու համար, 100 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչներին հավելավճարներ են տրամադրվում, ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու համար առաջարկվում է կամավոր ատեստավորում։ Սակայն սրանք էլ գործուն միջոցներ չեն։
«Ուսուցիչները մասնագիտական զարգացումն անտեսված է։ Անցած տարի բազմաթիվ ուսուցիչներ վերապատրաստվեցին դասալսման TEACH գործիքով։ Բայց այն առ այսօր ներդրված չէ։ Ի՞նչ իմաստ ուներ այդքան գումար ծախսեր մի բանի վրա, եթե այն չի ներդրվելու։ Ուսուցիչների պարտադիր ատեստավորման վրա բյուջեից հատկացվում է ընդամենը 24 հազար դրամ, ինչն այս աննախադեպ թանկացումների պայմաններում ծիծաղելի գումար է»,– ասաց Սերոբ Խաչատրյանը։ 
Կրթության փորձագետը կառավարության կրթական բարեփոխումների արդյունավետությունը գնահատում է շատ ցածր, քանի որ 7 տարիների ընթացքում էական փոփոխություններ չեն արձանագրվել։ Տավուշի մարզում, օրինակ, չափորոշիչների փորձարկման շուրջ բազմաթիվ բացասական արձագանքներ են եղել։ Դասագրքերի մեծ մասը չեն համապատասխանում որակի պահանջներին, իսկ որոշ առարկաներից դասագրքեր ընդհանրապես չկան։ Հարյուրավոր դպրոցներում տնօրեն չկա, վարչատնտեսական համակարգող չկա. «Դպրոցի տնօրեն դառնալու պահանջները չհիմնավորված ձևով խստացվել են։ Նկատվում է կրթության կենտրոնացման միտում, որը առաջիկայում կարող է կոռուպցիոն մեծ ռիսկեր առաջացնել։ Բարեփոխումները թղթերում, փաստաթղթերում ինչ-որ բաներ գրելը չէ։ Բարեփոխումները այդ ամենի արդյունավետ իրականացումն է»։ 

Սերոբ Խաչատրյանն առաջարկում է բարեփոխումները դարձնել ավելի մասնակցային, ներառող։ Նրա խոսքով՝ կարեւոր է փոխել դպրոցների միջավայրը՝ դպրոցում աշխատանքը  գրավիչ դարձնելու համար։ 

«Պետք է մեծ ջանքեր դնել բարեփոխումների իրականացման արդյունավետության վրա։ Պետք է վերականգնել ուսուցիչների հանդեպ հարգանքը։ Շատ դեպքերում «աշակերտակենտրոն» ուսուցումը բերել է ուսուցիչների դերի նվազման, անտեսման։ Երեխաները դարձել են դժվար կառավարելի։ Սրվել են դպրոց-ծնողներ հարաբերությունները։ Հայտարարվում է դասագրքերի մրցույթ, և մրցույթի վերջին փուլում փոփոխություններ են կատարվում առարկայական ծրագրերում։ Խնդիրները շատ-շատ են։ Բայց դրանց մասին քչերն են խոսում։ Մեր կրթական համակարգում ընդունված է միայն դրական բաներից խոսել, իսկ խնդիրները՝ կոծկել»,- հավելեց Սերոբ Խաչատրյանը։

Արաքս Գևորգյան