Գերմանիայի եւ եվրոպական մի շարք այլ երկրների իշխանությունները ճշգրտել են հրահանգներն իրենց քաղաքացիների՝ տրանսգենդերների եւ ոչ բինար մարդկանց համար, որոնք ցանկանում են մեկնել ԱՄՆ: Հարցին իր նյութում ուշադրություն է հատկացրել Axios պորտալը։
Մասնավորապես, Գերմանիայի ԱԳՆ կայքում այժմ նշվում է, որ ԱՄՆ ուղեւորություն պլանավորող ճանապարհորդը վիզայի կամ էլեկտրոնային ճանապարհորդության թույլտվության (ESTA) համար դիմելիս պետք է նշի իր սեռը՝ արական կամ իգական: «Ճամփորդները, որոնց համար «սեռը» սյունակում նշված է «X» (այսպես է նշվում ոչ բինար գենդերային ինքնությունը), կամ ում սեռը չի համապատասխանում ծննդյան ժամանակ նշվածին, պետք է դիմեն ԱՄՆ դիվանագիտական առաքելություն՝ նախքան երկիր մուտք գործելը կիրառելի պահանջները որոշելու համար»,- խորհուրդ է տրվում այնուհետեւ:
Նույն կերպ ԱՄՆ մեկնելու իրենց հրահանգները ճշգրտել են Դանիայի եւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունները, նշել է պարբերականը։
Պաշտոնավարման առաջին օրերից ԱՄՆ նոր նախագահի վարչակազմը «իր գլխավոր առաջնահերթություններից է դարձրել տրանսգենդեր ամերիկացիների իրավունքների սահմանափակումը՝ կենտրոնանալով զինվորական ծառայության, սպորտային մրցումներին մասնակցության եւ առօրյա կյանքի այլ ասպեկտների վրա», գրել է Axios-ը։ Ինքը՝ Դոնալդ Թրամփը, խոսել է «տրանսգենդերային խելագարությանը վերջ դնելու» մտադրության մասին։
Նրա հունվարի 20-ի հրամանագրով կարգադրվում է ԱՄՆ պետքարտուղարին եւ ներքին անվտանգության նախարարին ապահովել, որ կառավարության կողմից տրված փաստաթղթերը, ինչպիսին են անձնագրերն ու վիզաները, «ճշգրիտ արտացոլեն փաստաթղթի տիրոջ սեռը», որը «փոփոխման ենթակա չէ»:





























