Նախկինում ամանորյա սեղանը հագեցած է եղել հացահատիկային կուլտուրաներով, բայց ոչ մսեղենով։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` հավելելով, որ անցյալում ամանորյա սեղանին իր ուրույն տեղն են ունեցել հատիկավոր եւ պատիճավոր մթերքները, որոնք մեռնող եւ հարություն առնող կյանքի ու բնության խորհրդանշաններն են եղել:

Ազգագրագետը խորհուրդ տվեց Ամանորը շնորհավորել մեղրով, որը տարին քաղցր անցկացնելու խորհուրդն ունի: Նրա խոսքով` Ամանորին պետք է տուն մտնել աջ ոտքով, ձեռքը լի, պետք է նոր տարվա նորոգված ծիսական ջուր խմել, բնությունից հետ ստանալու ակնկալիքով` հացահատիկներ շաղ տալ այգում, արտերում: Ամանորը նշելու փոփոխությունները, Հրանուշ Խառատյանի խոսքով, պայմանավորված են մեր պատմական մշակութային անցյալի եւ մեր ներկայի միջեւ էվոլյուցիոն զարգացման շղթան արհեստականորեն երկու անգամ ընդհատվելու հանգամանքով` Ցեղասպանություն եւ հոկտեմբերյան հեղափոխություն:

«Եթե այսօր ավանդականը մեխանիկորեն բերենք մեր կյանք` հակասության մեջ կմտնի ասօրվա պատկերացմուների հետ` բախվելով այլ մշակութային արժեքների հետ: Փորձում ենք գտնել այն օպտիմալ ձեւերը, որոնցով հնարավոր կլինի հետ բերել հին արժեքները»,- նշեց Հրանուշ Խառատյանը: Ազգագրագետի խոսքով`  Նոր տարվա տոնը կրել է օրացույցային փոփոխություններ, ըստ որի, փոխվել է նաեւ տոնի բովանդակային ծիսաշարը։ Իսկ հունվարի մեկից սկսել են նշել հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: