ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մտցվող ավտոմեքենաների ներկրման 25 տոկոս մաքսատուրքերը կարող են հանգեցնել մեքենաների միջին արժեքի բարձրացման 50 հազար դոլարից մինչեւ 60 հազար դոլարի, ինչն էլ ավելի կվնասի 3 տոկոս գնաճի ֆոնին։ Այս մասին հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով ոլորտի փորձագետներին։
«Ներդրված սակագները կհանգեցնեն ԱՄՆ-ում մեքենաների արտադրության եւ վաճառքի ավելի բարձր ծախսերի, ինչը, ի վերջո, կհանգեցնի ավելի բարձր գների, սպառողների հնարավորությունների եւ աշխատատեղերի կրճատման ԱՄՆ-ում»,- ասել է Autos Drive America ավտոարտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ջենիֆեր Սաֆավիանը:
Փորձագետները նշել են, որ Թրամփի ցանկությունը՝ ստիպել ավտոարտադրողներին իրենց գործարանները տեղափոխել ԱՄՆ մաքսատուրքերի միջոցով, չի կարող ցանկալի արդյունք տալ, քանի որ ամերիկյան ընկերությունները տասնամյակներ շարունակ կառուցում են մատակարարման բարդ շղթաներ՝ կապված Մեքսիկայի, Կանադայի եւ այլ երկրների հետ: Արտադրության գոյություն ունեցող մոդելների վերակառուցումը տարիներ կպահանջի եւ արտադրողների վրա միլիարդավոր դոլարներ կնստի, ծախսեր, որոնք մասամբ կկրեն նաեւ ԱՄՆ սպառողները: Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական վիճակագրության, 2024թ. ավտոմեքենաների եւ բաղադրիչների ներմուծման ծավալը կազմել է 474,3 մլրդ դոլար։
Մասնագետների կարծիքով՝ տուրքերը քաղաքական ռիսկեր են ստեղծում Թրամփի եւ ԱՄՆ Հանրապետական կուսակցության համար, քանի որ կարճաժամկետ հեռանկարում երկրի բնակիչները հիմնականում կնկատեն մեքենաների գների աճ, այլ ոչ թե ամերիկյան ավտոմոբիլային գործարաններում աշխատատեղերի ընդլայնում։ Մանավանդ որ ժամանակակից արտադրությունը 1990-ականների համեմատ, երբ ամերիկյան ընկերությունները սկսեցին ակտիվորեն գործարանները տեղափոխել այլ երկրներ, ավտոմատացման բարձր աստիճանի պատճառով շատ ավելի քիչ մարդ է պահանջում։




























