Մոսկվայի դեմ տնտեսական պատժամիջոցների պատճառով Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվների արժեքը 2025 թվականի մարտի վերջին աճել է, հասնելով մինչև 7,4 միլիարդ շվեյցարական ֆրանկ (8,38 միլիարդ ԱՄՆ դոլար)՝ մեկ տարի առաջվա 5,8 միլիարդ ֆրանկի համեմատ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով շվեյցարական կառավարության հայտարարությունը:

Ըստ կառավարության հայտարարության՝ 1,6 միլիարդ ֆրանկի աճը պայմանավորված է եղել լրացուցիչ միջոցների հայտնաբերմամբ և արգելափակմամբ։ Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարարությունը մատնանշել է Շվեյցարիայի գլխավոր դատախազության կողմից շարունակվող քրեական հետաքննությունը պատժամիջոցների կասկածելի խախտումների և փողերի լվացման առնչությամբ, որոնց բաժին է ընկնում նոր սառեցված ակտիվների մեծ մասը:

Կառավարությունը հրաժարվել է մանրամասներ հաղորդել ներգրավված ոլորտների, ընկերությունների կամ անհատների մասին, սակայն նշել է, որ գործը հրապարակվել է 2024 թվականի օգոստոսին:

Ավելի վաղ շվեյցարական Le Temps պարբերականը և այլ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Շվեյցարիան ժամանակավորապես սառեցրել է 1,3 միլիարդ շվեյցարական ֆրանկի ակտիվները և հետաքննում է չորս անձանց՝ պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցի միլիարդատեր Քերիմ Սուլեյմանի առնչությամբ: Գլխավոր դատախազությունը հրաժարվել է նշել հանցակիցների անունները, սակայն Reuters-ին հայտնել է, որ հինգ մարդ քրեական հետախուզման մեջ է Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով միջազգային պատժամիջոցները խախտելու մեղադրանքով:

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ հետաքննում է ապրանքների ոլորտում արտասահմանյան դուստր ձեռնարկությունների միջոցով շվեյցարական ընկերությունների պատժամիջոցների կասկածելի խախտման մի քանի դեպքեր: Սառեցված ակտիվները ներառում են անշարժ գույք, շքեղ ավտոմեքենաներ, ինքնաթիռներ և արվեստի գործեր, հայտնել են երկրի իշխանությունները: