Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը դժգոհ է համայնքապետերի աշխատանքից: Նա այսօր` դեկտեմբերի 28-ին, համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ, դժգոհելով համայնքների համայնքներում եկամուտների հավաքագրումից, նշել է, որ այն համայնքները, որտեղ եկամուտների հավաքագրումը 50 տոկոսից ցածր կլինի, կզրկվեն պետական ծրագրերից: «Մի քիչ թասիբ ունեցեք, ու գոնե էս 2 օրվա մեջ մի բան արեք»,-ասել է նա:
Մարզպետի համբերությունը վերջնականապես սպառվեց այն ժամանակ, երբ նա համայնքապետերին մի քանի անգամ հիշեցրեց նիստերից չուշանալու եւ նիստի ժամանակ բջջային հեռախոսներն անջատելու մասին: «Մարդ պետք է մի քիչ ճշտապահ լինի, եթե համայնքի ղեկավարն էսպիսին է, բա համայնքն ի՞նչ կլինի, մի մոռացեք, որ վերջիվերջո գյուղ եք ներկայացնում»,-ասաց նա, ապա շարունակելով թեման, հավաքվածներին եւս մեկ անգամ հարկ համարեց հիշեցնել, թե որն է եղել նրանց համայնքապետ ընտրվելու նպատակը:
«Եթե համայնքի ղեկավարն իրեն հարց տար, թե ինչի համար է դարձել համայնքապետ, վիճակն էսքան վատ չէր լինի, մենք մարզպետարանի ֆոնդից գյուղապետերին աշխատավարձ ենք տալիս, այնինչ էդ փողը պիտի անապահով ընտանիքներին տայինք»,-եզրափակեց մարզպետը:




























