ԱՄՆ-ը հակամարտության կարգավորման պայման է համարում Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ գտնվող տարածքների համար սահմանել Վաշինգտոնի վերահսկողության չեզոք կարգավիճակ։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում կատարելով աղբյուրներին։

Պարբերականը չի բացահայտել առաջարկվող գոտու կոնկրետ սահմանները, վերահսկողության ձեւաչափը կամ ով է շահագործելու կայանը: Գաղափարը քննարկվում է դեէսկալացիայի համար փոխզիջումներ գտնելու համատեքստում, սակայն տեխնիկական եւ քաղաքական մանրամասները մնում են անհասկանալի, նշել են աղբյուրները։

«Վաշինգտոնն այս քայլը համարում է լարվածությունը նվազեցնելու հնարավորություն, սակայն առաջարկի հիմնական ասպեկտները դեռ մշակված չեն»,- նշել է պարբերականը։

Ապրիլի 17-ին Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոն հայտնել էր, որ Կիեւը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միասին վերահսկել Զապորոժիեի ԱԷԿ-ը, քանի որ եթե Ռուսաստանը պահպանի ատոմակայանի վերահսկողությունը, դա կկործանի վստահությունը միջուկային էներգիայի նկատմամբ եւ «կհանգեցնի նոր աղետի»: