ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի մասնակցի ուկրաինական խաղաղության բանակցություններին, որոնք նախատեսված են չորեքշաբթի Լոնդոնում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Թեմմի Բրյուսին։ Նա ավելի վաղ հայտնել էր, որ Ռուբիոն կմեկնի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք։ Բրյուսը հայտնել էր, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը Լոնդոնում է և կմասնակցի խորհրդակցություններին, գրում է գործակալությունը։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ նրա հետ բանակցություններին պետք է մասնակցեր Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոոֆը, հայտնում է BBC-ն։
Ուիթքոոֆը, ինչպես այսօր հաղորդել են Կրեմլից, ծրագրել է այս շաբաթ մեկնել Մոսկվա։ Եթե դա տեղի ունենա, դա կլինի նրա չորրորդ այցը Ռուսաստան Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո։
Ինչպես հաղորդում է РБК-Украина պարբերականը, Լոնդոնում անցկացվելիք հանդիպմանը ուկրաինական պատվիրակության կազմում կլինեն նախագահական գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, նրա տեղակալ Պավել Պալիսան, արտգործնախարար Անդրեյ Սիբիգան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Խորհրդակցություններին կմասնակցեն նաև Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։



























