ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը կոչ է արել ավելի մեծ ներգրավվածություն ունենալ Հնդկաստանի հետ՝ հայտարարելով, որ երկիրը պետք է ավելի շատ զենք և էներգիա գնի ԱՄՆ-ից և Վաշինգտոնին ավելի մեծ հասանելիություն տա իր շուկա, ինչը սպասվող երկկողմ առևտրային գործարքին խթան կհաղորդի, գրում է ABC News-ը:
Վենսը նշել է, որ ինքը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իրենց քննարկումների ընթացքում առաջընթաց են գրանցել առևտրային բանակցություններում և հաստատել են, որ երկու կողմերը վերջնականապես համաձայնեցրել են առևտրային բանակցությունների պայմանները, ինչը կարևոր քայլ է վերջնական համաձայնագրի ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ:
Հնդկաստանը և ԱՄՆ-ը հույս ունեն այս տարի երկկողմ առևտրային համաձայնագիր կնքել և հավակնոտ նպատակ են դրել մինչև 2030 թվականը երկկողմ առևտրի ծավալը կրկնապատկելև հասցնել մինչև 500 միլիարդ դոլարի:
Թրամփի վարչակազմն իր սակագնային ռազմավարությունը ներկայացրել է որպես հարկադիր բանակցություններ, որոնք կարող են սահմանափակել աշխարհում գերիշխող արտադրող և տարածաշրջանում Նյու Դելիի հիմնական մրցակից Չինաստանի ընդգրկումն ու ազդեցությունը:
Միջոցառման ժամանակ Վենսը փորձել է ցրել Թրամփի մաքսատուրքերի որոշումների վերաբերյալ մտահոգությունները և նշել, որ իր վարչակազմը ձգտում է վերահավասարակշռել համաշխարհային առևտուրը, որպեսզի ԱՄՆ-ն կարողանա ավելի լավ ապագա կառուցել Հնդկաստանի նման բարեկամների հետ:
Վաշինգտոնը երկար ժամանակ ձգտել է ավելի խոր գործընկերություն զարգացնել Նյու Դելիի հետ, որը դիտվում է որպես Չինաստանի դեմ պատնեշ: Մոդին լավ աշխատանքային հարաբերություններ է հաստատել Թրամփի հետ, և երկու առաջնորդները, ամենայն հավանականությամբ, կամրապնդեն իրենց երկրների միջև համագործակցությունը:
Վենսը նշել է, որ Վաշինգտոնը ձգտում է ավելի սերտ համագործակցության Նյու Դելիի հետ առաջադեմ ռազմական տեխնիկայի վաճառքի, ինչպես նաև համատեղ արտադրության հարցում: Նա նաև Հնդկաստանին է ներկայացրել Վաշինգտոնի հինգերորդ սերնդի անտեսանելի կործանիչը:
«F-35-ը կօգնի ձեր ժողովրդին պաշտպանել այնպես, ինչպես երբեք»,-ասել է նա։
Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Հնդկաստանը մեծապես հենվել է ռուսական զենքի, կործանիչների և ռազմական տեխնիկայի վրա, սակայն աստիճանաբար սկսել է դիվերսիֆիկացնել իր գնումների զամբյուղը այնպիսի երկրների հաշվին, ինչպիսին են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:
Հնդկաստանը վերջին տարիներին զինել է իր բանակին ամերիկյան առաջադեմ ինքնաթիռներով, ուղղաթիռներով, հրթիռներով և այլ սարքավորումներով, և երկու երկրները հայտարարել են այս տարի 10-ամյա շրջանակային համաձայնագիր ստորագրելու պլանների մասին՝ իրենց պաշտպանական գործընկերությունը ավելի ամրապնդելու նպատակով:




























