Հռոմի Ֆրանցիսկոս պապի դագաղը բերվել է Սուրբ Պետրոսի տաճար, որտեղ հավատացյալները կկարողանան հրաժեշտ տալ հովվապետին։
Մինչ այդ տեղի է ունեցել կարճ պատարագ, որից հետո դագաղով երթը Սուրբ Մարթայի տնից, որտեղ ապրել եւ մահացել է պոնտիֆիկոսը, Սուրբ Պետրոսի հրապարակով շարժվել է դեպի տաճար։
Այստեղ կմատուցվի պատարագ, որից հետո բազմաթիվ հավատացյալներ կարող են հրաժեշտ տալ հովվապետին։
Ի տարբերություն Առաքելական Աթոռում գտնվող իր նախորդների՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր համար համեստ հուղարկավորություն է պատվիրել. նրա մարմինը կցուցադրվի ոչ թե դագաղից դուրս՝ դիակառքի վրա, այլ դագաղում, որի կափարիչը հանված կլինի:
Ֆրանցիսկոսի մարմինը տաճարում կմնա մինչեւ ուրբաթ ներառյալ, իսկ թաղման հանդիսավոր արարողությունն ու հուղարկավորությունը տեղի կունենան շաբաթ օրը։ Հուղարկավորության պահից Վատիկանը կսկսի իննօրյա սուգ, իսկ դրա ավարտից հետո կարդինալների կոնկլավ կհավաքվի՝ նոր հովվապետ ընտրելու համար։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, իր կտակի համաձայն, կթաղվի Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում, այլ ոչ թե Վատիկանում, որտեղ թաղված են նրա նախորդներից շատերը։ Երկուշաբթի երեկոյան հրապարակված փաստաթղթում նա խնդրել է, որ իր գերեզմանը լինի պարզ եւ անզարդ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է երկուշաբթի առավոտյան 88 տարեկան հասակում։




























