Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) ԵՄ Պաշտպանության հիմնադրամին 910 միլիոն եվրո է հատկացրել նոր ռազմատեխնոլոգիական մշակումների համար՝ ընդգծելով, որ 2025 թվականին Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի նախագծերը առաջին անգամ կկարողանան ֆինանսավորվել այս հիմնադրամից։ Այս մասին ասվում է Եվրոպական հանձնաժողովի հայտարարության մեջ։
«Եվրոպական հանձնաժողովը 910 միլիոն եվրո է ներդրել Եվրոպական պաշտպանության հիմնադրամում՝ Եվրոպայում նորարարական պաշտպանական արդյունաբերություն կառուցելու համար։ Այս ներդրումները նպատակ ունեն լրացնել գործառնական կարողությունների բացերը, մասնավորապես՝ ուժերի շարժունակության, անօդաչու համակարգերի մշակման և դրանց դեմ պաշտպանության ոլորտներում։ Առաջին անգամ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունը կկարողանա մասնակցել Եվրոպական պաշտպանության հիմնադրամի միջոցով ֆինանսավորման համար նախատեսված նախագծերի ընտրությանը», - նշել է Եվրահանձնաժողովը։
Եվրոպական պաշտպանության հիմնադրամի բյուջեն 2021-2027 թվականների համար կազմում է 7.3 միլիարդ եվրո։ Ըստ Եվրահանձնաժողովի՝ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը նպատակ ունեն մինչև 2030 թվականը ԵՄ ռազմական ներուժի «որակական բարձրացմանը»։




























