Ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի վրա Թրամփի վարչակազմի սահմանված մաքսատուրքերն ավտոարտադրող General Motors-ի վրա այս տարի 4-5 միլիարդ դոլար կնստեն։

Սակայն CNN-ին տված հարցազրույցում գլխավոր տնօրեն Մերի Բարրան հայտարարել է, որ ընկերությունն այդ բարձր ծախսերը հազիվ թե դնի սպառողներին ուսերին՝ գների բարձրացման միջոցով։

«Մենք կարծում ենք, որ... գները կմնան մոտավորապես նույն մակարդակի վրա, ինչ հիմա են», -նշել է նա։

«Մեր ոլորտում գները փոխվում են առնվազն ամսական, իսկ երբեմն՝ ավելի հաճախ։ Մենք մտադիր ենք արձագանքել շուկային», -հավելել է ընկերության գլխավոր տնօրենը։

Ավտոարտադրողն ակնկալում է, որ ավելի բարձր սակագնային ծախսերը կազդեն իր շահույթի վրա, քանի որ կրճատել է իր ամբողջ տարվա շահույթի կանխատեսումը, ինչի մասին նշել է Բարրան այսօր վաղ առավոտյան հրապարակված բաժնետերերին ուղղված նամակում։

Երեքշաբթի  նախատեսված նամակն ու առաջարկությունները հրապարակվել են ուշացումով, երբ ընկերությունը հայտնել էր առաջին եռամսյակի շահույթի նվազման մասին և Թրամփի վարչակազմից սակագնային փոփոխություններ էր սպասում։

General Motors-ը դարձել է առաջին խոշոր ընկերությունը, որը դոլարով հաշվարկել է, թե որքան կարժենա իրեն նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած բարձր մաքսատուրքերը։

Շատ այլ ընկերություններ տնտեսական անորոշության պատճառով հրաժարվել են շահույթի կանխատեսումներից։

Թեև General Motors-ն այլևս գերիշխող համաշխարհային ավտոարտադրողը չէ, ինչպես նախկինում էր, այն դեռևս ամենամեծ ամերիկյան ավտոարտադրողն է՝ անցյալ տարի ԱՄՆ-ում 2,7 միլիոն մարդատար և բեռնատար ավոմեքենա է վաճառել։