«Գենդերային ռազմավարության ընդունումը մեծ առաջընթաց է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում»։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Կանանց ռեսուրսային կենտրոնի Ադվոկացիայի թիմի համակարգող Աննա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Կառավարության կողմից հաստատված Գենդերային ռազմավարության 2025-2028թթ ծրագրին։

«Շատ կարևոր և առանցքային է պետության կողմից ունենալ առանձին օրակարգ գենդերային հավասարության շրջանակում։ Կարևոր է, որ մենք հստակ սահմանենք, այն նպատակները, թե ուր է գնում մեր երկիրը գենդերային հավասարության ուղղությամբ և գենդերային խտրականության արգելքի ուղղությամբ։ Ռազմավարությունը քաղհասարակհության համար շատ կարևոր գործիք է։ Իհարկե, չենք կարող ասել, որ եթե ունեցանք ռազմավարություն, ունենք գենդերային հավասարություն, բայց դա հնարավորություն է տալիս հաշվետվողականություն պահանջել պետությունից՝ պահանջատեր լինելու, թե ուր ենք գնում և ուր ենք հասել»,- հավելեց Հովհաննիսյանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանն էլ նշեց, որ գենդերային ռազմավարությունը քաղհասարակության համար շատ կարեւոր գործիք է, սակայն ոչ բավարար։

Անդրադառնալով ԱԺ-ում կանանց ներգրավվածությանը Սոֆի Բոստանչյանը նշեց, որ կանանց թվի շուրջ 36 % աճ կա, իսկ մինչեւ 2020թ այդ ցուցանիշը 18-23 % էր կազմում:

«Նույն դրական տեղաշարժ կա նաեւ համայնքային մակարդակում՝ կին ավագանիների ներգրավվածության առումով եւ գործադիր մարմնում. ներկայումս 4 կին նախարար ունենք»,–հավելեց նա: