Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն քննադատել է Եվրամիության ծրագիրը՝ մինչև 2027 թվականի վերջ ռուսական բնական գազի ներմուծումը դադարեցնելու վերաբերյալ, հաղորդում է Euronews-ը։
Եվրոպական հանձնաժողովը՝ դաշինքի գործադիր մարմինը, հաջորդ ամիս մանրամասն ծրագիր կներկայացնի։
Նպատակը մինչև այս տարվա վերջ Ռուսաստանի հետ նոր գազային պայմանագրերը արգելելն է և մինչև 2027 թվականի վերջ փուլ առ փուլ ԵՄ 27 երկրում դեռևս գործող պայմանագրերը չեղարկելը։ Սակայն Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ծրագիրն անվանել է իր երկրի համար բացարձակապես անընդունելի և հայտարարել, որ իր կառավարությունը պատրաստ է վետո դնել դրա վրա։
Նա շեշտել է, որ այս քայլը կվնասի Սլովակիային և ամբողջ ԵՄ-ին, քանի որ գազի գների բարձրացման կհանգեցնի։ Սլովակիան գազի մատակարարման պայմանագիր ունի Ռուսաստանի հետ, որի ժամկետը լրանում է 2034 թվականին, և Ֆիցոն հայտարարել է, որ վնասի փոխհատուցում կպահանջի, եթե ծրագիրն իրականացվի։
Ֆիցոն մերժել է նաև Ռուսաստանից Եվրամիություն նավթի և միջուկային վառելիքի ներմուծումը դադարեցնելու առաջարկը։ Հունգարիան և Սլովակիան, որոնց առաջնորդները համարվում են Պուտինի ամենամտերիմ դաշնակիցները Եվրոպայում, արգելափակել են ԵՄ ռազմական օգնությունը Ուկրաինային և, ինչպես սպասվում էր, դեմ կլինեն Եվրահանձնաժողովի գազային ծրագրերին։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որն առաջ է մղում այս ծրագիրը, ԵՄ օրենսդիրներին հայտարարել է, թե Ռուսաստանը բազմիցս ապացուցել է, որ ինքը հուսալի էներգամատակարար չէ։ «Ռուսաստանից կախվածությունը վնասակար է ոչ միայն մեր անվտանգության, այլև մեր տնտեսության համար։ Թշնամական հարևանը չի կարող թելադրել մեր էներգակիրների գները», -հայտարարել է նա Ստրասբուրգում Եվրախորհրդարանի անդամներին։





























