Գլխավոր դատախազությանը հաջողվել է պետությանը վերադարձնել 536 մլն դոլարի գույք եւ դրամական միջոցներ։ Այս մասին մայիսի 8-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ գլխավոր դատախազության 2024թ. գործունեության արդյունքների հաշվետվության ներկայացման ժամանակ։
Նրա խոսքով՝ 2024թ. նախաքննական մարմիններն ավարտել են 38 հազար 058 քրեական գործ (2023թ.՝ 33 հազար 396), որից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 11 հազար 801 քրեական գործ՝ 13 հազար 179 անձի նկատմամբ (2023թ.՝ 8 393՝ 10 հազար 115 անձի նկատմամբ)։ Այսպիսով, 2024-ին 4 662-ով կամ 14 տոկոսով ավելի շատ քրեական գործ է ավարտվել, քան 2023-ին, որոնցից 3 408-ը կամ 40,6 տոկոսով ավելի քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ տեղափոխվել են դատարան։ Միաժամանակ, կարճվել է 1 264 քրեական գործ կամ 5,1 տոկոսով ավելի։
«2024թ. դատարաններում քննվել եւ ավարտվել է 9 830 քրեական գործ՝ 10 հազար 691 անձի վերաբերյալ (2023թ.՝ 5 080 գործ՝ 5 485 անձի, 2022թ.՝ 3 208 գործ՝ 3 690 անձի նկատմամբ), այսպիսով, 2024թ. քննվել եւ ավարտվել է 4 750-ից ավելի գործ՝ 93,5 տոկոսով ավելի, քան 2023թ. «Արդարացման դատավճիռ է կայացվել դատարանում ավարտված գործերի միայն 1,8 տոկոսով»,- ասել է Վարդապետյանը։




























