Հինգշաբթի Հյուսիսային Կորեայի արձակած բալիստիկ հրթիռներն անմիջական վտանգ չեն ներկայացրել ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը։

«Մենք տեղյակ ենք Հյուսիսային Կորեայի մի քանի բալիստիկ հրթիռների արձակման մասին եւ սերտ խորհրդակցության մեջ ենք Կորեայի Հանրապետության եւ Ճապոնիայի, ինչպես նաեւ տարածաշրջանի այլ դաշնակիցների եւ գործընկերների հետ», - նշվել է հայտարարությունում: - Մեր գնահատմամբ՝ այս իրադարձությունն անմիջական վտանգ չի ներկայացնում ԱՄՆ ռազմական անձնակազմի եւ տարածքի, ինչպես նաեւ մեր դաշնակիցների համար։ Մենք շարունակում ենք վերահսկել իրավիճակը»։

Ավելի վաղ Yonhap լրատվական գործակալությունը, հղում կատարելով Հարավային Կորեայի զինված ուժերի միացյալ շտաբների պետերի կոմիտեին, հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել, ենթադրաբար՝ փոքր հեռահարության: Վերջին անգամ Փհենյանը մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ մարտի 10-ին, երբ ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան սկսել էին Freedom Shield լայնածավալ զորավարժությունները:

Այս արձակումը երկրորդն է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը: Մինչ այդ, այս տարի Հյուսիսային Կորեայի արձակումներ իրականացվել էին հունվարի 6-ին եւ 14-ին: