Հինգշաբթի առավոտյան Վատիկանի Սիքստինյան կապելլայում հավաքված կարդինալները քվեարկության եւս երկու փուլ են անցկացրել Հռոմի Կաթոլիկ եկեղեցու ղեկավարի թեկնածուների վերաբերյալ, հայտնել է BBC-ն։
Տեղի ժամանակով ժամը 11:00-ի սահմաններում մատուռի տանիքի ծխնելույզից սկսել է սեւ ծուխ դուրս գալ, ինչը ցույց է տալիս, որ հովվապետի ընտրությունը դեռ չի ավարտվել:
Հռոմի պապ ընտրելու համար պահանջվում է երկու երրորդի մեծամասնությունը, այս դեպքում՝ ոչ պակաս, քան 89։ Կոնկլավին մասնակցում են 133 կարդինալներ ամբողջ աշխարհից։ Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սպիտակ ծուխը, որն ուղեկցվում է զանգերի ղողանջով, հայտարարում է նոր պապի ընտրության մասին։
Սովորաբար նոր հովվապետը հայտնվում է Սուրբ Պետրոսի հրապարակ նայող պատշգամբում իր ընտրվելուց հետո մեկ ժամվա ընթացքում։ Առավոտյան հարյուրավոր հավատացյալներ ու պարզապես հետաքրքրասեր մարդիկ արդեն հավաքվել են հրապարակում՝ սպասելով Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարի ընտրությանը։





























