Հոգեբույժները կասկածի տակ են դրել «Նորվեգական հրաձիգ» Անդրես Բրեյվիկի  հոգեբանական վիճակի պաշտոնական եզրակացությունը: մասնագետների կարծիքով` Բրեյվիկը միանգամայն մեղսունակ է:

Փորձագետները բանտում հետեւել են Բրեյվիկի պահվածքին եւ շատ անգամ անմիջական շփվել նրա հետ: Նրանք հանգել են այն եզրակացությանը, որ Բրեյվիկը հոգեպես առողջ է, դեղերի կարիք չի զգում եւ ինքնասպանության հակումներ չունի:

Միաժամանակ, պետական մեղադրողը, որը տվյալ եզրակացությունը հանձնել էր դատարանին` ծանոթանալու համար, լրագրողներին հայտնել է, որ համաձայն չէ փորձագետների եզրակացության հետ եւ կարծում է, որ պաշտոնական եզրակացությունն ավելի ճիշտ էր: Այնուամենայնիվ, Բրեյվիկի վարքն ուսումնասիրողների զեկույցը կկցվի գործին եւ, հնարավոր է, դրա հիման  վրա նոր հոգեբանական փորձաքննություն անցկացվի, գրում է BBC-ն:

Բրեյվիկի զոհերի փաստաբանը, ընդհակառակը, ողջունել է փորձագետների եզրակացությունը: Նա նշել է, որ ահաբեկչի ձեռքով զոհվածների հարազատները չեն ցանկանում, որ Բրեյվիկը հոգեբանների եզրակացության պատճառով խուսափի պատասխանատվությունից:

Հիշեցնենք, նոյեմբերի վերջին դատահոգեբանական փորձաքննությունը նորվեգացի «հրաձիգ»-ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին անմեղսունակ էր ճանաչել: Հոգեբուժները նրա մոտ ախտորոշել  էին պարանոիկ շիզոֆրենիայի բնույթի հոգեկան հիվանդություն: Ինքը Բրեյվիկը վիրավորվել էր հոգեբույժների  եզրակացությունից:

Հիշեցնենք, հուլիսի 22-ին Օսլոյում եւ Ութեյա կղզում Անդրես Բրեյվիկի կազմակերպած կրկնակի ահաբեկչության արդյունքում  77 մարդ զոհվել էր, 150-ից ավելի մարդ` տուժել: