Դե Մոնֆորի համալսարանի գիտնականները պարզել են, որ տանը մեքենայով լվացումը չի հեռացնում տեքստիլի վրայի վտանգավոր հակաբիոտիկներիր հանդեպ կայուն մանրէները։ Բժշկական աշխատողների համազգեստի վրա առկա նման «սուպերմիկրոբները» կարող են դառնալ հիվանդանոցային վարակների աղբյուրներ։ Բացահայտման մասին նշված է PLOS One հանդեսում հրապարակված ուսումնասիրության մեջ։
Փորձի ընթացքում մասնագետները փորձարկել են կենցաղային լվացքի մեքենաների վեց մոդել՝ լվանալով պաթոգեն մանրէներով աղտոտված գործվածքների նմուշներ։ Պարզվել է, որ լվացքի մեքենաների կեսը չէր կարողանում հաղթահարել ախտահանումը արագ ռեժիմում, իսկ մեկ երրորդը՝ նույնիսկ ստանդարտ, ավելի երկար լվացման ցիկլում՝ տաք ջրով։
Հետագա վերլուծությունը ցույց է տվել, որ լվացքի մեքենաների թմբուկների ներքին մակերեսներին հակաբիոտիկների նկատմամբ դիմադրության գեներ կրող պոտենցիալ վտանգավոր միկրոօրգանիզմներ պարունակող բիոթաղանթներ են ձևավորվում։
Հետազոտողները պարզել են նաև, որ որոշ մանրէներ կարող են դիմադրողականություն զարգացնել ոչ միայն դեղամիջոցների, այլև կենցաղային մաքրող միջոցների բաղադրիչների նկատմամբ, ինչը դրանց վերացումը տանն էլ ավելի դժվարացնում է։
Հետազոտության հեղինակները զգուշացնում են, որ չախտահանված համազգեստ կրելը կարող է նպաստել բժշկական հաստատություններում վարակների տարածմանը։ Արդյունքում, նրանք առաջարկում են վերանայել համազգեստի տնային լվացման վերաբերյալ առաջարկությունները և քննարկել հիվանդանոցներում արդյունաբերական մեքենաների օգտագործումը՝ անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով։



























