ԱՄՆ Օկլահոմա նահանգի բանտերից մեկում երեկ` հունվարի 5-ին մահապատժի է ենթարկվել 49-ամյա Գերի Ռոլանդ Ուելչը, ով դատապարտվել էր սպանության համար: Սա առաջին մահապատիժն է, որ իրականացվել է 2012 թվականին, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը:

Ուելչին մահացու ներարկում է կատարվել: Մահապատժից առաջ նա ինչ-որ բան էր պատմում սկանդինավյան առասպելաբանությունից, որի հետազոտմամբ զբաղվում էր բանտում: Մահապատժից երեք շաբաթ առաջ, երբ մերժվել էր նրա դիմումը, մարդասպանը փորձել էր ածելիով կտրել իր կոկորդը:

Գերի Ռոլանդ Ուելչը դատապարտվել էր Ռոբերտ Հարդքասլի սպանության համար, որ կատարել էր 1994թ. օգոստոսի 25-ին Օկլահոմայի Մայամի քաղաքում: Ուելչն ու նրա հանցակից Քլոդի Կոնովերը Հարդքասլին ծեծի էին ենթարկել իր տան առջեւ: Ուելչը իր մեղքը ընդունել էր` հայտարարելով, որ ինքնապաշտպանվել է, սակայն դատարանը խիստ վճիռ էր կայացրել: Քոնովերին դատապարտել էին նախ մահապատժի, ապա այն փոխարինել էին ցմահ բանտարկությամբ: Հանցագործը մահացել էր բանտում 2001թ.: