ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից փախստականի կարգավիճակ ստացած 59 հարավաֆրիկացիներ (աֆրիկաներներ) տեղափոխող ինքնաթիռը երկուշաբթի ժամանել է ԱՄՆ, հայտել է CNN-ը։

Նրանք առաջին մարդիկ են, որոնք փախստականի կարգավիճակ ստացան Թրամփի վարչակազմից, եւ ակնկալվում է, որ նրանք ԱՄՆ վերջին աֆրիկաներները չեն լինի:

Հարավաֆրիկացիներին, այդ թվում՝ երեխաներին, Վիրջինիայի Վաշինգտոն Դալեսի միջազգային օդանավակայան ժամանելուն պես դիմավորել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիսթոֆեր Լանդաուն եւ ներքին անվտանգության փոխնախարար Թրոյ Էդգարը:

Թրամփի վարչակազմը որոշել է ոչ միայն ընդունել, այլ նաեւ արագացնել աֆրիկացիների՝ որպես փախստականների ընդունումը ենթադրյալ խտրականության պատճառով։ Միեւնույն ժամանակ, կասեցվել է մնացած բոլոր փախստականների, այդ թվում՝ պատերազմից եւ սովից փախած մարդկանց վերաբնակեցումը։

Լանդաուն հայտնել է, որ աֆրիկաներները «ենթարկվել են լուրջ, աղաղակող եւ նպատակաուղղված սպառնալիքների», եւ Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությանը մեղադրել է անգործության մեջ։

«Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունը չկարողացավ անել այն, ինչ մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է այդ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու, խաղաղ ապրելու համար իրենց հայրենակիցների հետ Հարավային Աֆրիկայում, ուստի նրանք ստացել են փախստականի կարգավիճակ մեր ներքին օրենսդրության համաձայն»,- ասել է Լանդաուն:

Երկուշաբթի ավելի վաղ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ասել էր, որ նրանք, ովքեր մեկնում են ԱՄՆչեն համապատասխանում փախստական սահմանմանը»:

Ռամաֆոսան հայտնել է, որ Դոնալդ Թրամփին ասել է, որ այն, ինչ ԱՄՆ նախագահին ասել են սպիտակամորթ փոքրամասնությունների հալածանքների մասին, իրականությանը չի համապատասխանում:

Հունվարին Հարավային Աֆրիկան ​​ընդունել է էքսպպրոպրիացիայի մասին օրենք, որը կոչված է վերացնելու ապարտեիդի ժառանգությունը, որը հանգեցրել է հողի սեփականության հսկայական տարբերությունների երկրի սեւ եւ սպիտակ մեծամասնություն կազմող բնակչության միջեւ:

Ապարտեիդի ժամանակ ոչ սպիտակամորթ հարավաֆրիկացիներին բռնի կերպով զրկել են իրենց հողերից՝ հօգուտ սպիտակամորթների: Այսօր՝ երկրում ռասայական սեգրեգացիայի պաշտոնապես ավարտից երեք տասնամյակ անց, հարավաֆրիկացի սեւամորթները, որոնք կազմում են երկրի 63 միլիոն բնակչության ավելի քան 80 տոկոսը, ունեն մասնավոր հողերի մոտ 4 տոկոսը:

Էքսպրոպրիացիայի օրենքը Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությանը իրավունք է տալիս հող վերցնել եւ վերաբաշխել այն, որոշ դեպքերում առանց փոխհատուցման, եթե առգրավումը համարվում է «արդար եւ բխում է հանրային շահերից»:

Փետրվարին Թրամփը դադարեցրել է օգնությունը Հարավային Աֆրիկային՝ պնդելով, որ խտրականություն է դրսեւորվում սպիտակամորթ ֆերմերների նկատմամբ: Նույն կարգադրության մեջ նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգները «կնպաստեն աֆրիկացի փախստականների վերաբնակեցմանը, որոնք փախչում են կառավարության կողմից հովանավորվող ռասայական խտրականությունից, ներառյալ ռասայական դրդապատճառներով գույքի բռնագրավումը»: