Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է խոսել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի և Եվրոպայի մասնակցությամբ մշակված խաղաղության ծրագրի մասին։

Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներն ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆին ասել են, որ Պուտինը չի ցանկանում քննարկել 22 կետից բաղկացած ծրագիրը, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ երեք անձանց։ Ի պատասխան, նրանց խոսքով, Ուիտկոֆը փետրվարից ի վեր հինգերորդ անգամ հետաձգել է Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպման ծրագրերը։

«Պուտինը բավականաչափ բան է անում՝ Թրամփին համոզելու համար, որ ինքը ներգրավված է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու այս ջանքերում, միևնույն ժամանակ, անելով ամեն ինչ, որպեսզի համոզվի, որ դա ոչ մի տեղ չի բերի», - հրատարակությանը ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը։

Հիշենք, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը մի քանի անգամ այցելել է Մոսկվա, որտեղ բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահի հետ Ուկրաինայում պատերազմի դադարեցման վերաբերյալ։