Բելգիայում առաջին անգամ դեմքի փոխպատվաստման վիրահատություն են կատարել, որը հաջող է անցել: Հիվանդի եւ դոնորի անունները գաղտնի են պահվում, այդ մասին խնդրել է վիրահատվողի ընտանիքը: Նշվում է միայն, որ հիվանդն իրեն լավ է զգում:

Վիրահատությունը կատարվել է Գենտայի համալսարանում, որը տեւել է շուրջ 20 ժամ: 3 տարի շարունակ 65 հոգուց կարզմած կոլեկտիվը պատրաստվել է այդ վիրահատությանը: Պրոֆեսոր Ֆիլիպ Բլոնդելը, որը գլխավորել է վիրաբույժ-տրանսպլանտոլոգների թիմը, պատմել է, որ վիրահատությունից արդեն 6 օր անց հիվանդը կարողացել է խոսել:

Բելգիան Ֆրանսիայից ու Իսպանիայից հետո երրորդ երկիրն է, որտեղ դեմքի փոխպատվաստման վիրահատություն է կատարվել: Ընդհանուր առմամբ, աշխարհում նմանատիպ 19 վիրահատություն է կատարվել, որոնցից առաջինը` 6 տարի առաջ: 19 վիրահատվածներից 2-ը մահացել են վիրահատության սեղանին:

Բելգիայում կատարված վիրահատությունը նախորդներից տարբերվում է նրանով, որ փոխպատվաստվել է ոչ միայն դեմքի մաշկը, այլեւ մի քանի ոսկորներ: Վիրահատությունից առաջ հիվանդի դեմքի կենտրոնական մասը` շուրթերը, դիմային մկանները, նյարդերը, ինչպես նաեւ աչքերից դեպի վիզը ձգվող ոսկորները չեն եղել, հաղորդում է Vesti.ru-ն: