Ուկրաինայում մարտական գործողությունները դադարելուն պես, մեզ համար սպառնալիքը կաճի։ Bild-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը։
Պևկուրի համոզմամբ՝ հրադադարի դեպքում մոտ 800 հազար ռուսաստանցի զինվորներ տուն չեն վերադառնա, այլ նոր հրամաններ կստանան։
Ինչպես հայտնի է դարձել Bild-ին, արևմտյան հետախուզական գործակալությունները վախենում են, որ հրադադարի դեպքում ռուսական զորքերն Ուկրաինայից արագ կտեղափոխվեն Ֆինլանդիայի և Նորվեգիայի սահմաններ, ինչպես նաև Բալթյան երկրներ և Բելառուս, այսինքն՝ գրեթե մինչև Լեհաստանի հետ սահման։
Հետախուզական ծառայությունների տվյալներով՝ այս նպատակով արդեն իսկ գոյություն ունեն ծրագրեր, և վերջին ամիսներին Ռուսաստանը պատրաստել է համապատասխան ենթակառուցվածքները։ Այդ ծրագրերի իրականացմանը խոչընդոտող միակ բանը Ուկրաինայում պատերազմն է։
Աղբյուրը պնդում է, որ եթե մոտ ապագայում հրադադար հաստատվի, և Ռուսաստանը վստահ լինի դրա հուսալիության մեջ, «Запад-2025» զորավարժությունների ժամանակ կարող է զորքեր տեղափոխել Բելառուս։ Միևնույն ժամանակ, հիշեցնում է աղբյուրը, Ռուսաստանը Բելառուսում անցկացվող ռազմական զորավարժություններն օգտագործել է որպես պատրվակ 2021 թվականին Ուկրաինայի սահմանի մոտ բանակ տեղակայելու համար։ Այս անգամ հնարավոր թիրախներն են Լիտվան կամ Լեհաստանը։
«Իհարկե, բոլորս ուզում ենք, որ Ուկրաինայում խաղաղություն լինի։ Բայց պետք է անկեղծ լինենք. եթե պատերազմը շարունակվի, «Запад-2025»-ը կմնա ընդամենը մանևրներ, քանի որ հիմնական ուժերը զբաղված կլինեն այլ ուղղություններով։ Եթե այն ավարտվի Ռուսաստանի պայմաններով, «Запад»-ը կարող է դառնալ մեր դեմ նոր պատերազմի սկիզբ»,-խոստովանել է աղբյուրը:
«Ռուսաստանը թուլությունը դիտարկում է որպես նոր նվաճումների հնարավորություն: Վրաստանից հետո եղավ Ղրիմը, այնուհետև Դոնբասը, ապա՝ Ուկրաինան: Եթե մենք Պուտինին հստակեցնենք, որ նա կարող է պահպանել բռնակցված տարածքները, նա կընտրի հաջորդ՝ ավելի մեծ թիրախը», Bild-ին զգուշացրել է հերթական արևմտյան պաշտոնյան:





























