Մոսկվայի Շերեմետևո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայանները անվտանգության նկատառումներով ժամանակավորապես սահմանափակել են օդանավերի թռիչքն ու վայրէջքը, իր Telegram-ալիքում հայտնել է «Ռոսավիացիայի» (Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալություն) պաշտոնական ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։
Դրանից մի քանի րոպե առաջ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ մայրաքաղաքին մոտենալիս չեզոքացվել է երեք անօդաչու թռչող սարք։
«Պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերով հետ է մղվել դեպի Մոսկվա թռչող երեք անօդաչու թռչող սարքերի գրոհը»,- իր Telegram-ալիքում գրել է քաղաքապետը։
Այսօր ավելի վաղ անվտանգության նմանատիպ միջոցներ էին ձեռնարկվել Վլադիմիրի, Իվանովոյի, Կալուգայի, Յարոսլավլի և Կոստրոմայի օդանավակայաններում։
«Ռոսավիացիայում» պարզաբանել են, որ Շերեմետևոն համաձայնեցմամբ թույլատրում է օդանավերի թռիչքը, հայտնում է «Կոմերսանտը»։