Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ Դոլմաբահչեի իր գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման մասին, հաղորդում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան շարունակում է ջանքերը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու համար։
Անկարան այնպիսի հարցեր, ինչպիսին գերիների փոխանակումն է, որը քննարկվել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Ստամբուլում անցկացված բանակցությունների ժամանակ, դիտարկում է որպես վստահության կառուցման կարևոր քայլ, ասել է Թուրքիայի նախագահը։
«Պատերազմը դադարեցնելու հնարավորությունը չպետք է բաց թողնել»,-եզրափակել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանն ու Ուկրաինան անցկացրել են ռազմագերիների փոխանակման՝ հակամարտության սկզբից ի վեր առաջին խոշորագույն փուլը:
Փոխանակման վերաբերյալ համաձայնագիրը ձեռք է բերվել Մոսկվայի և Կիևի միջև Ստամբուլում անցկացված բանակցություններից հետո։




























