Կիպրոսը նախատեսում է մեկնարկել հայրենադարձման ծրագիր այն սիրիացի ընտանիքների համար, որոնք հետ կվերցնեն իրենց ապաստանի դիմումները, թույլ տալով ընտանիքի մեկ չափահաս անդամի մնալ կղզում և աշխատել, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը։
Կիպրոսի միգրացիայի նախարար Նիկոլաս Իոանիդիսը հայտարարել է, որ հաջորդ ամսվանից ապաստան փնտրող ընտանիքների կամ միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց Սիրիա կամավոր վերադարձի համար ֆինանսական խթաններ կներդրվեն։
Նա լրագրողներին հայտնել է, որ այս ծրագիրն իրականացվում է Եվրամիության հետ համակարգված։ ԵՄ անդամ Կիպրոսի բնակչության մեկ շնչի հաշվով սիրիացի ներգաղթյալների խոշորագույն ստացողներից մեկն է։
Իոանիդիսը նշել է, որ Սիրիան «անցում է կարևորագույն անցումային շրջան»՝ դեկտեմբերին նախկին նախագահ Բաշար աշ-Ասադի տապալումից հետո։
«Վերակառուցման հաջողությունը կախված է քաղաքական կամքից, միջազգային համագործակցությունից և, ամենակարևորը, հենց սիրիացի ժողովրդի ակտիվ մասնակցությունից», -ասել է նա։
Կիպրոսի պաշտոնյաները հայտնել են, որ 2500 սիրիացի հետ է վերցրել ապաստանի դիմումները կամ հրաժարվել է իրենց պաշտպանության կարգավիճակից, իսկ մոտ 2400-ը վերադարձել է տուն։
Հայրենադարձության ծրագիրը ընտանիքի կամ զույգի մեկ անձին հնարավորություն է տալիս երկու տարի ժամկետով հատուկ բնակության և աշխատանքի թույլտվություն ստանալ։ Վերադարձող ընտանիքի անդամները կստանան 2000-ական եվրո (2270 ԱՄՆ դոլար) ամուսնու/կնոջ համար և 1000-ական եվրո յուրաքանչյուր երեխայի համար։
Ծրագիրը կտևի հունիսի 2-ից մինչև օգոստոսի 31-ը։ Կիպրոսն ապաստան է տրամադրել հազարավոր սիրիացիների, որոնք փախել են 2011 թվականին սկսված քաղաքացիական պատերազմից։ Արևելյան Միջերկրական ծովի կղզին Սիրիայի և Լիբանանի ափերից 200 կիլոմետրից էլ պակաս հեռավորության վրա է և երկար ժամանակ եղել է Եվրոպայում ավելի լավ կյանք փնտրող փախստականների համար նախատեսված երթուղի։



























