2024թ. նախագահական արշավի ժամանակ միլիարդատեր Իլոն Մասկը այնքան շատ է օգտագործել կետամին, որ բողոքել է միզապարկի հետ կապված խնդիրներից, գրել է The New York Times պարբերականը։
Պարբերականի լրագրողները նրա պահվածքը որակում են «անկանոն»՝ դեղերի մշտական չարաշահման եւ ընտանեկան խնդիրների ֆոնին։
Թեեւ ինքը՝ Մասկը, նախկինում հրապարակայնորեն հայտարարել էր, որ օգտագործում է կետամինը դեպրեսիայի բուժման շրջանակում, գործարարին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ նա այդ դեղամիջոցն ընդունել է գրեթե ամեն օր՝ հաճախ այլ դեղամիջոցների հետ միասին, նախընտրական քարոզարշավի գագաթնակետին, որտեղ նա ակտիվորեն աջակցում էր Դոնալդ Թրամփին։
Տեղեկացվել է, որ Մասկը նաեւ օգտագործել է էքստազի եւ փսիխոդելիկ սնկեր, եւ ճանապարհորդելիս միշտ իր հետ դեղերի տուփ է վերցրել, այդ թվում՝ ադերալ, որը հաճախ օգտագործվում է ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշի բուժման համար: Համապատասխան լուսանկարը, ըստ NYT-ի, հայտնվել է խմբագրության տրամադրության տակ։
Հայտնի չէ, թե արդյոք Մասկի կողմից դեղերի օգտագործումը շարունակվել է այն բանից հետո, երբ նա ստանձնել է DOGE (կառավարության արդյունավետության վարչություն) կոչվող դաշնային գործակալությունը, որին հանձնարարված էր «վերակազմավորել» դաշնային գործակալությունները: Աղբյուրները, սակայն, նշում են, որ գործարարն այս ընթացքում անկայուն վարքագիծ է դրսեւորել՝ արդեն լինելով Սպիտակ տան վարչակազմի պաշտոնյա։
Հատկապես մտահոգիչ են կետամինի քրոնիկ օգտագործման հետ կապված առողջական խնդիրների մասին հաղորդումները: Մասկը, իբր, բողոքել է միզապարկի դիսֆունկցիայից, որը կետամինով պայմանավորված ինդուկցված ցիստիտի (KIC) բնորոշ ախտանիշներից մեկն է։
ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի (NIH) ուսումնասիրության համաձայն՝ կետամինի երկարատեւ ոչ բժշկական օգտագործումը կարող է հանգեցնել միզապարկի եւ միզուղիների բորբոքման, միզապարկի տարողության նվազմանը, միզածորանի ստենոզին եւ նույնիսկ երիկամների անբավարարությանը: Փորձագետները նաեւ զգուշացնում են, որ KIC հիվանդները հաճախ փորձում են իրենց «ցավազրկել» կետամինի կրկնվող չափաբաժիններով՝ դրանով իսկ վատացնելով խնդիրը։
The Wall Street Journal-ն ավելի վաղ հրապարակել էր նյութեր այն մասին, որ Մասկի կողմից թմրանյութերի կանոնավոր օգտագործումը մտահոգություն է առաջացրել նրա աշխատակիցների եւ ներդրողների շրջանում:
Պարբերականի զրուցակիցները սա համարել են լուրջ սպառնալիք ինչպես անձամբ ձեռնարկատիրոջ առողջության, այնպես էլ նրա բազմաթիվ բիզնեսների կայունության համար՝ Tesla-ից մինչեւ SpaceX:





























