Հյուսիսային Կորեայում հետ են վերադարձվում 2012 թվականի բոլոր օրացույցները, քանի որ նրանցում նշված չի եղել «մեծ առաջնորդ» Կիմ Չեն Իրի մահվան օրը: Նա վախճանվել է դեկտեմբերի 17-ին:
Ըստ իշխող Բանվորական կուսակցության հրամանի` բոլոր քաղաքացիները եւ կազմակերպությունները պետք է վերադարձնեն նախկինում գնված կամ վաճառված օրացույցները: Իսկ վաճառքում մնացած օրացույցները Հյուսիսային Կորեայի սահմաններից դուրս են բերվել: Այս մասին հաղորդում է Daily NK հարավկորեական թերթը:
Սակայն Մեծ առաջնորդի մահվան օրվա բացակայությունը նոր օրացույցների միակ խնդիրը չէ: Կիմ Չեն Իրի մահվանից առաջ հրատարակված օրացույցներում հետեւյալ նշումն է հանդիպում. «Մենք քաջառողջություն ենք մաղթում մեծ առաջնորդ եւ ընկեր Կիմ Չեն Իրին»: Ենթադրվում է, որ նոր օրացույցներում նշված կլինի ոչ միայն մեծ առաջնորդի մահվան օրը, այլ նաեւ գրված կլինի`«Մեծ առաջնորդ, ընկեր Կիմ Չեն Իրը մեզ հետ է ընդմիշտ», գրում է utro.ru-ն:



























