Արգենտինական մի քանի ինստիտուտների հնէաբանների խումբը Մեծ Բրիտանիայից իրենց գործընկերոջ հետ համատեղ Արգենտինայի Տալամպայա ազգային պարկի պեղումների վայրում գտնված արտաթորանքի նմուշներում հայտնաբերել է թեփուկաթևավորների թեփուկների հետքեր։
Journal of South American Earth Sciences ամսագրում հրապարակված հոդվածում խումբը նկարագրում է, թե ինչպես են իրենք հայտնաբերել թեփուկները արտաթորանքի նմուշներում, և թե ինչ է նշանակում այս գտածոն թիթեռներ և ցեցեր ուսումնասիրող գիտնականների համար։
2011 թվականին Տալամպայա ազգային պարկի տեղամասում պեղումներ են սկսվել։ Աշխատանքների ընթացքում պարզվել է, որ այդ վայրում ժամանակին եղել է հին հանրային զուգարան․ բազմաթիվ տարբեր կենդանիներ, այդ թվում՝ շատ խոշոր խոտակերներ, նորից ու նորից օգտագործել են նույն վայրը միզելու կամ կղելու համար։ Տեղում հավաքել են գոմաղբի նմուշներ և ուղարկել տարբեր վայրեր՝ ուսումնասիրության համար։
Այդպիսի նմուշներից մեկը հայտնվել է Լա Ռիոխայի Գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների փոխանցման արգենտինական տարածաշրջանային կենտրոնում, որտեղ էլ այն հայտնաբերել են այս նոր հետազոտությանը մասնակցող գիտնականները։
Գիտնականների թիմը գոմաղբի նմուշը տարել է իրենց լաբորատորիա և ուսումնասիրել տարբեր եղանակներով՝ պարզելով, որ այն մոտավորապես 236 միլիոն տարեկան է, ինչը համապատասխանում է տրիասի ժամանակաշրջանի կեսերին և պերմի անհետացումից ընդամենը 16 միլիոն տարի անց, որի հետևանքով ոչնչացել էր Երկրի վրա կենդանիների բոլոր տեսակների մոտ 90%-ը։ Նրանք նաև հայտնաբերել են մանիատյուր (200 միկրոն երկարությամբ) թեփուկներ, որոնք նրանց հաջողվեց նույնականացնել որպես թեփուկաթևավորների, այսինքն՝ ցեցերի կամ թիթեռների թեփուկներ։
Սա նաև նշանակում էր, որ թիմը, հնարավոր է, նոր տեսակ է հայտնաբերել․ նրանք դրան տվել են Ampatiri eloisae անվանումը։
Ինչպես նշում են գիտնականները, ժամանակային շրջանակները թույլ են տալիս ենթադրել, որ նոր նույնականացված տեսակը, հավանաբար, պատկանել է Glossata կոչվող ենթախմբին, ինչը նշանակում է, որ նա պետք է ունենար կնճիթիկ՝ նման նրանց, որոնք օգտագործում են ժամանակակից ցեցերն ու թիթեռները։
Բայց կա մի էական տարբերություն․ տրիասի ժամանակաշրջանում ծաղիկներ գոյություն չեն ունեցել։ Սա նշանակում է, որ A. eloisae-ն պետք է սնվեր փշատերև և սագոյի ծառերի վրա առաջացող շաքարի կաթիլներով։