Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի գործունեությունը Վաշինգտոնի հավանությանը չի արժանացել: NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքով`  այդ մասին է վկայում սենատորներ Բարբարա Բոքսերի եւ Ռոբերտ Մենենդեսի անփոփոխ դիրքորոշումը:

«Նրանք երկուսով կարծում էին, որ Բրայզան ի վիճակի չէ պատշաճ կերպով կատարել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի գործառույթները եւ ներկայացնել իր պետության շահերը: Եթե նա կարողանար իրականացնել այդ խնդիրը, նրանց կատեգորիկ դիրքորոշումը կփոխվեր»,-նկատեց Մանոյանը:

Միաժամանակ զրուցակիցը դժվարացավ նշել կամ ուրվագծել այն անձանց շրջանակը, ովքեր կարող են փոխարինել Բրայզային: «Սպիտակ տունը թեկնածու պետք է ընտրի հազարավոր դիվանագետներից: Երբ դա տեղի կունենա, այն ժամանակ էլ հայ համայնքը կհայտնի իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ»,-ասաց Մանոյանը:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը,  Բրայզան հունվարի 3-ին Ադրբեջանից մեկնել էր Վաշինգտոն` լիազորությունների ժամկետի ավարտի կապակցությամբ:

Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի  պարտավորությունները կիրականացնի Ադամ Սթերլինգը: