Մեղադրյալը հենց դատարանի դահլիճում կրակել է դատախազի վրա: Միջադեպը տեղի է ունեցել գերմանական Դահաու քաղաքում հունվարի 11-ին:
Տեղական ոստիկանության տվյալներով, մեղադրյալը Դահաուի 54-ամյա բնակիչ է, ով ատրճանակ է ունեցել: Սկզբում նա կրակել է դատավորի վրա, որից հետո հինգ անգամ կրակել է դատախազի վրա, երեք փամփուշտ հասել են նշանակետին: Դատախազը մահացել է ստացած վնասվածքներից: Sueddeutsche Zeitung-ի տվյալներով, մահացածը 31 տարեկան է եղել:
Կրակողին ձերբակալել են: Դեռ պարզ չէ, թե նա ինչպես է զենքը բերել դատարանի դահլիճ:
Հրատարակչությունը հաղորդում է, որ այդ մարդը նախկինում դատված չի եղել, եւ դատական գործընթացի շրջանակներում դիտարկվում էր սոցիալական ապահովագրության չվճարման հետ կապված հայցը: Նրան տուգանք էր սպառնում, կամ էլ մինչեւ հինգ տարվա ազատազրկում:



























