Ուկրաինայի խորհրդարանը հունվարի 12-ի նիստում օրենք է ընդունել, որով արգելվել է այն գովազդների եւ հաղորդումների հեռարձակումը, որոնցով հեռուստադիտողներին եւ ռադիոլսողներին բախտագուշակների ծառայություններ են առաջարկվում: Համապատասխան փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել  320 խորհրդարանական, այն դեպքում, երբ օրենքի ընդունման համար անհրաժեշտ քվեների նվազագույն քանակը  226-ն է:

 «Այսօրվա դրությամբ հեքիմների, շամանների, մոգերի, էքստրասենսների, հմայողների եւ աստղագետների մատուցած ծառայությունները օրենքով կարգավորված չեն: Սրա հետ կապված էլ նրանց գործունեությունը անօրինական է, որն էլ հանգեցնում է այդ ոլորտում զանգվածային չարաշահումների, այն է` քաղաքացիներից խաբեությամբ գումար կորզելուն», - ասվում է օրենքի հիմնավորման մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի Ուկրաինան»:

Տվյալ փաստաթղթի հեղինակների խոսքով` օրենքն ընդունվել է մեծ թվով քաղաքացիներից ստացված բողոքներից ելնելով:

Տվյալ օրենքն ուժի մեջ կմտնի դրա հրապարակումից 10 օր անց: