Հունգարիայի նախագահ Պալ Շմիտտին մեղադրել են գրագողության մեջ: Կասկածում են, որ նա իր մարզական ատենախոսությունն արտագրել է բուլղարացի սպորտի վարպետ Նիկոլայ Գիորգիեւից:

Տեղական լրատվամիջոցները պնդում են, որ պետության ղեկավարն իր Օլիմպիական խաղերին նվիրված դոկտորական ատենախոսությունն արտագրել է 1992թ.: Լրագրողների կարծիքով` գիտական աշխատանքի 250 էջերից 180-ը արտատպվել են բուլղարացի մարզագետ Նիկոլայ Գիորգիեւի գիտական աշխատանքից, սակայն օգտագործված գրականության ցանկում այդ աղբյուրը նշված չի եղել:

Շմիտտի ատենախոսությունը կոչվում է «Ժամանակակից Օլիմպիական խաղերի ծրագրի վերլուծություն»: Պետության ապագա ղեկավարը այն Հունգարիայի  ֆիզկուլտուրայի համալսարանում «գերազանց»  է պաշտպանել:

Նախագահի մամուլի ծառայությունում վստահեցնում են, որ արտատպության մասին հայտարարությունները հիմնավորված չեն:

Հունգարիայի նախագահը տնտեսագետի եւ մարզական կրթություն ունի: Նա մասնակցել է տարբեր օլիմպիադաների եւ անգամ սրամարտում ոսկե մեդալի է արժանացել: Շմիտտը նախագահ է ընտրվել 2010թ. հունիսի  29-ին: Մինչեւ 2007թ. նա Համաշխարհային օլիմպիական ասոցիացիայի նախագահի պաշտոնն է զբաղեցրել, գրում է pravda.ru-ն: