Չի բացառվում, որ ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը»  հանդես են գալիս հօգուտ 100% համամասնական ընտրակարգի`իրենց շարքերը օլիգարխներով համալրելու համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Նրա խոսքով` յուրաքանչյուր ընտրակարգ ունի իր դրական եւ բացասական կողմերը, եւ Հանրապետականն աստիճանաբար անցում է  կատարում մեծամասնականից համամասնականի: «Նրանք հայտարարում են,  որ այսօր կան իշխանություն, փող ունեցող անձինք, որոնք էլ հիմնականում ընտրվում են մեծամասնականով: Մի՞ թե դա մեկնաբանությունն է: Դա ճիշտ չէ, ընդդիմությունն էլ գիտի, որ դա ճիշտ չէ: Մեծամասնական համակարգը մեզ հարկավոր է, քանի որ մեր խորհրդարանը միապալատ է»,-նշեց պատգամավորը:Նա նաեւ կարծիք հայտնեց, որ քանի դեռ քաղաքական  համակարգը կայուն չէ,   բացարձակապես համամասնական համակարգն անկուսակցական անձանց կզրկի պատգամավոր դառնալու հնարավորությունից:  Նա բերեց անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրինակը, ով ոչ գործարար է, ոչ օլիգարխ, բայց ընտրվում է մեծամասնական ընտրակարգով:«Նույն ՀՅԴ-ում եւ «Ժառանգությունում»  կարող է հայտնվել օլիգարխ, վճարել կուսակցությանը եւ անցնել ցուցակ»,-նշեց պատգամավորը:

Ալեքսանյանը նաեւ կարծիք հայտնեց,  որ տարբերություն չկա` համակարգը մեծամասնական է, թե համամասնական. «Եթե հնարավոր է փողով պատգամավոր դառնալ, ապա դա հնարավոր կլինի անել թե մեծամասնական, թե համամասնական համակարգի պարագայում: Դեռ ժամանակը չէ անցնել 100% համամասնական ընտրակարգի»: