Իրանը կտրականապես մերժում է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ցանկացած պահանջ։ Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ մեկնաբանելով ԻՀԿ-ի կողմից ընդունված բանաձևը, որը պարունակում է Ադրբեջանի ակնհայտ տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։
«Մեզ համար անընդունելի են ցանկացած կեղծ և ոչ իսկական ձևակերպումներ, որոնք կարող են արտացոլել մեկ երկրի տարածքային պահանջները մյուսի նկատմամբ: Այս հորինված և կեղծ ձևակերպումների օգտագործումը հակասում է տարածաշրջանում խաղաղ համակեցությանը և բարիդրացիությանը: Հետևաբար, նման ձևակերպումների օգտագործումից պետք է խուսափել: «Արևմտյան Ադրբեջան» անվանումն Իրանի Հանրապետության նահանգներից մեկի անունն է: Այն չի կարող օգտագործվել որևէ այլ աշխարհագրական տարածք անվանելու համար, հատկապես, եթե այն ենթադրում է որևէ ձևի տարածքային պահանջներ», - ասաց դեսպանը։
Սոբհանին նշեց, որ Իրանը նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը: «Մենք կոչ ենք անում կողմերին ստորագրել խաղաղության համաձայնագիր, որի դրույթները արդեն համաձայնեցված են կողմերի կողմից», - ասաց դիվանագետը: Դեսպանի խոսքով՝ Իրանի դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ մնում է անփոփոխ. ԻԻՀ-ն նպաստում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ազգային ինքնիշխանությանը: «Մենք խորհուրդ ենք տալիս, որ նման ինքնահռչակ պատմական պահանջները չօգտագործվեն տարածաշրջանում խաղաղության հաստատմանը խոչընդոտելու համար», - ասաց նա:




























