Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների համար Չինաստանի առեւտրի նախարարության եւ Չժեցզյանի մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային սեմինարի շրջանակում լրագրողներն այցելել են Հոուցզյա գյուղ, որտեղ ծանոթացել են կերամիկական մշակույթի ավանդույթներին։ Մասնակիցների թվում էր Հայաստանից ժամանած պատվիրակությունը, որի կազմում էին NEWS.am լրատվական գործակալության լրագրողները, որոնք ուղարկվել էին Հայաստանում Չինաստանի դեսպանատան աջակցությամբ։
Չինաստանը համաշխարհային կերամիկական մշակույթի հիմնադիրներից է։ 7 000 տարվա ընթացքում Չինաստանում կերամիկան զարգացել է՝ ամենապարզ անոթներից մինչեւ լավագույն ճենապակյա իրեր, եւ այսօր այն շարունակում է փոխվել՝ պահպանելով կապը հին ավանդույթների հետ։
Նեոլիթից մինչեւ ճենապակի
Չինաստանում առաջին կերամիկական արտադրանքը հայտնվել է մ.թ.ա. 5-րդ հազարամյակում: Յանշաո եւ Լունշան մշակույթները ստեղծել են ձեռքով նախշված խեցեղեն: Շան եւ Չժոու դինաստիաների օրոք սկսվել է գլազուրով թրծումը` պրոտոցելադոնի ծնունդը:
8-րդ դարում (Թան դինաստիա) չինացի արհեստավորները ստեղծել են հայտնի եռագույն կերամիկան (սանտայ), իսկ Սունի դարաշրջանում (960–1279) կերամիկան դարձել է նրբագեղության մարմնացում. հայտնի Ժու, Գուան եւ Ցզյուն վառարանները աշխարհին տվել են նուրբ փայլի եւ ազնիվ պարզության օրինակներ։
13-րդ դարը տեխնոլոգիական առաջընթաց է բերում. Չինաստանը ստեղծում է իսկական ճենապակի։ Ցզինդեչժենը դառնում է արտադրության կենտրոն, որտեղից արտադրանքն արտահանվում է ամբողջ աշխարհով մեկ։ Հատկապես գնահատվում են Մին եւ Ցին դարաշրջանների կապույտ եւ սպիտակ ճենապակյա արտադրանքները։
Արդի փուլ. արհեստից՝ մշակութային արդյունաբերություն
Այսօր չինական կերամիկան ոչ միայն արհեստ է, այլեւ մշակութային քաղաքականության կարեւոր տարր։ Արտադրական կենտրոնները զարգանում են ինչպես որպես ավանդական ձեւեր (օրինակ, թեյամաններ իսինյան կավից), այնպես էլ ժամանակակից ուղղություններ՝ արտ-օբյեկտներ, դիզայն, ճարտաապետական կերամիկա։
Կերամիկան՝ որպես մշակութային ժառանգություն. Հոուցզյա եւ Վուի վառարաններ
Հատուկ ուշադրություն է դարձվում ավանդական արհեստագործական կենտրոնների պահպանմանը: Հոուցզյա գյուղում (Չժեցզյան նահանգ) եւ հին Վու վառարաններում կերամիկան դեռեւս ձեռքով է պատրաստվում վերականգնված վառարաններում: Սրանք դառնում են մշակութային վայրեր, որտեղ անցկացվում են փառատոներ, ցուցահանդեսներ եւ վարպետության դասեր՝ գրավելով ինչպես մասնագետների, այնպես էլ լայն հանրության հետաքրքրությունը:
Չինական կերամիկան այսօր պատմության, արվեստի եւ արդյունաբերության համադրություն է։ Այն մնում է Չինաստանի ազգային կերպարի կարեւոր մասը եւ շարունակում է ազդեցություն ունենալ գլոբալ կրեատիվ արդյունաբերությունների վրա։
Մարիա Ասատրյան, Պարույր Սինյավսկի՝ Հոուցզյայից





























