Ցզինհուան՝ արևելաչինական Չժեցզյան նահանգի առանցքային քաղաքներից մեկը, խնամքով պահպանում է իր պատմամշակութային ժառանգությունը։ Դրա վառ օրինակն է Հին քաղաքը՝ մի թաղամաս, որտեղ ավանդական չինական ճարտարապետությունը և անցած դարաշրջանների քաղաքային կենցաղը պահպանվել են գրեթե իրենց սկզբնական տեսքով։



Այս պատմական թաղամասը գերում է իր մթնոլորտով և Մին ու վերջին՝ Ցին դինաստիաների ժամանակների ճարտարապետությամբ։ Այստեղ այցելուների առջև բացվում են հնագույն տաճարներ ու պագոդաներ, որոնք արտացոլում են հոգևոր և գեղարվեստական ավանդույթները, տեղական շինարարական տեխնիկայով կառուցված ավանդական բնակելի տներ, ինչպես նաև իսկության և հարմարավետության զգացումով համակված նեղ փողոցներ ու բաց հրապարակներ։
.jpg)
.jpg)
.jpg)
Հին քաղաքին առանձնահատուկ հմայք է հաղորդում առևտուրը. փողոցների երկայնքով գործում են հուշանվերների, հնաոճ իրերի և ժողովրդական արհեստների նմուշների խանութներ։ Բազմաթիվ խանութներում և փողոցային կրպակներում կարելի է գտնել ինչպես ժամանակակից հուշանվերներ, այնպես էլ անցյալ դարի բնօրինակ իրեր՝ հնաոճ սպասք, խաղալիքներ, գեղագրական թղթագլաններ, կենցաղային իրեր։ Այստեղի վաճառողները ոչ միայն առևտուր են անում, այլև հաճույքով զրույցի են բռնվում զբոսաշրջիկների հետ, պատմում իրերի ծագման պատմությունները, ներկայացնում են ավանդույթների և վարպետության մասին հետաքրքիր փաստերը։ Այստեղ կարելի է գտնել ինչպես ժամանակակից դեկորատիվ իրեր, այնպես էլ 20-րդ դարի բնօրինակ արտեֆակտներ՝ հնաոճ խաղալիքներից ու սպասքից մինչև կենցաղային իրեր։ Տեղի արհեստավորներն առաջարկում են ձեռագործ կերամիկա, բամբուկե իրեր, ասեղնագործություն և գեղագրություն։
.jpg)
.jpg)
.jpg)
Իսկ թեյի խանութում թեյի վարպետը ոչ միայն կհետաքրքրվի, թե որ երկրից եք, այլև թեյ կպատրաստի ու կհյուրասիրի։
.jpg)
.jpg)
Այսօր Ցզինհուայի Հին քաղաքը ոչ միայն պահպանվող պատմական հուշարձան է, այլև ակտիվորեն զարգացող մշակութային կենտրոն։ Այս վայրը գրավիչ է ոչ միայն զբոսաշրջիկների, այլև հենց չինացիների համար, որոնք իրենց մշակույթի արմատների հետ կապ են փնտրում։

Մարիա Ասատրյան, Պարույր Սինյավսկի, Ցզինհուայի Հին քաղաքից