Ձկնորսության չափից դուրս մեծ ծավալը հանգեցրել է արևելաբալթյան ձողաձկան պոպուլյացիայի կրճատմանը, միաժամանակ ձկան չափսը նույնպես կտրուկ և խորհրդավոր կերպով փոքրացել է վերջին երեք տասնամյակների ընթացքում: Այժմ գիտնականները գենոմիկ ապացույցներ են գտել, որ ինտենսիվ ձկնորսությունը հանգեցրել է արագ էվոլյուցիոն փոփոխությունների, որոնց արդյունքում այս ձկների մարմնի միջին երկարությունը 1990-ական թվականներից ի վեր մոտավորապես կիսով չափ կրճատվել է, հաղորդում է The Guardian-ը:
Ուսումնասիրությունը պարզել է, որ ձողաձկան չափսի «կրճատումը» 1996 թվականի չափահաս ձկան միջին երկարությունից՝ 40 սմ-ից մինչև 20 սմ՝ 2019 թվականին, ունի գենետիկական հիմք, մարդկային գործունեությունը խորը հետք է թողել պոպուլյացիայի ԴՆԹ-ի վրա:
Ուսումնասիրության մեջ օգտագործվել է Բորնհոլմի ավազանում 1996-2019 թվականներին որսած ձողաձկան 152 առանձնյակի փոքրիկ ականջախեցիների՝ օտոլիտների արխիվը: Օտոլիտները, ծառի օղակների նման, արձանագրում են տարեկան աճը, ինչը դրանք դարձնում են արժեքավոր կենսաբանական ժամանակի չափիչներ: Գիտնականները միավորել են տարեկան աճի տվյալները ձողաձկան մարմնի չափերի ցուցիչների և գենետիկայի հետ, որպեսզի գնահատեն, թե արդյոք պոպուլյացիան 25 տարվա ընթացքում ենթարկվել է գենետիկական փոփոխությունների ձկնորսության ճնշման տակ:
1996-ից 2019 թվականների ժամանակահատվածում տվյալների հավաքածուում հասուն ձկան միջին երկարությունը նվազել է 40 սմ-ից մինչև 20 սմ: 2019 թվականին ձկան միջին քաշը (272 գրամ) կազմել է 1996 թվականի հասուն ձկան միջին քաշի (1356 գրամ) միայն մեկ հինգերորդը:
Վերլուծությունը համակարգային տարբերություններ է հայտնաբերել արագ և դանդաղ աճող ձկների միջև, ինչպես նաև այն, որ գեների տարբերակները, որոնք մեծացնում են մարմնի մեծ չափերի հավանականությունը, ժամանակի ընթացքում ավելի հազվադեպ են հանդիպել, ինչը էվոլյուցիոն ճնշում է մատնանշում: Ձկնորսության ժամանակ պետք է ընտրվի ցանցի չափսը, ընդ որում, օրենքով պահանջվող նվազագույն ցանցի չափսերը նախատեսված են փոքր ձկներին պաշտպանելու և ձկներին հասունության և ձվադրման հասնելու համար, նախքան դրանց որսալը:





























