2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում զինված հակամարտության սրման սկզբից ի վեր զոհված պաղեստինցիների թիվը հասել է գրեթե 56 հազար 700-ի։ Տվյալները հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը իր թելեգրամյան ալիքում։

«Գազայում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 56 հազար 647-ի, վիրավորվել է 134 հազար 105 մարդ»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին երկու օրվա ընթացքում ոլորտի բժշկական հաստատություններ է տեղափոխվել 116 մահացածի մարմին, վիրավորվել է 463 մարդ:  

Գազայում ակտիվ մարտերը վերսկսվեցին մարտի 18-ին, երբ իսրայելական բանակը զանգվածային հարվածներ հասցրեց անկլավին՝ վերջ դնելով հունվարից գործող հրադադարին։

Ուղիղ երկու ամիս անց՝ մայիսի 18-ին, Իսրայելը հայտարարեց, որ մտել է «Գիդեոնի կառքերը» գործողության վճռորոշ փուլ, որի նպատակն է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքները։