Բաղդադի համալսարանի հետ համագործակցությամբ գիտնական Լուիս Էնրիկե Խիմենեսը վերագտել է հազար տարի կորած մի տեքստ: Հայտնագործության մասին հոդվածը հրապարակվել է «Իրաք» ամսագրում:
«Սա հետաքրքրաշարժ հիմն է, որը նկարագրում է Բաբելոնը իր ողջ փառքով և պատկերացում է տալիս նրա բնակիչների՝ տղամարդկանց և կանանց կյանքի մասին», - ասում է Խիմենեսը:
Բաբելոնը հիմնադրվել է Միջագետքում մ.թ.ա. մոտ 2000 թվականին: Աշխարհի ամենամեծ քաղաքը լինելով՝ այն մշակութային մետրոպոլիս էր, որտեղ գրվել են ստեղծագործություններ, որոնք այսօր կազմում են մեր համաշխարհային գրական ժառանգության մասը:
Բաբելոնական տեքստերը գրվել են սեպագիր տառերով կավե տախտակների վրա, որոնք պահպանվել են միայն բեկորներով: Բաղդադի համալսարանի հետ համագործակցության նպատակներից մեկը հայտնի Սիպպարի գրադարանից հարյուրավոր սեպագիր տախտակների վերծանումն ու պահպանումն է հետագա սերունդների համար:
Ավանդույթի համաձայն՝ Նոյը դրանք այստեղ է թաքցրել ջրհեղեղից, նախքան տապան մտնելը: Բաբելոնի էլեկտրոնային գրադարանի հարթակում Էնրիկե Խիմենեսը թվայնացնում է ամբողջ աշխարհում մինչ օրս հայտնաբերված սեպագիր տեքստի բոլոր բեկորները և օգտագործում է արհեստական բանականություն՝ միմյանց հետ կապված բեկորները վերծանելու համար։
«Մեր արհեստական բանականությամբ հագեցած հարթակն օգտագործելով՝ մենք կարողացանք նույնականացնել նոր հայտնաբերված հիմնին վերաբերող ևս 30 ձեռագիր, մի գործընթաց, որը նախկինում տասնամյակներ կպահանջվեր», - ասաց Խիմենեսը, Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան համալսարանի ասորագիտության ինստիտուտի հին Մերձավոր Արևելքի գրականության պրոֆեսորը։
Այս լրացուցիչ տեքստերի միջոցով գիտնականները կարողացան լիովին վերծանել կավե տախտակի վրա գրված հիմնը, որի մի մասը բացակայում էր։
Հիմնը, որը, ենթադրաբար, թվագրվում է մ.թ.ա. առաջին հազարամյակի սկզբով, բաղկացած է 250 տողից։
«Այն գրվել է Բաբելոնի մի բնակչի կողմից, ով ցանկանում էր փառաբանել իր քաղաքը։ Հեղինակը նկարագրում է քաղաքի շենքերը, ինչպես նաև այն, թե ինչպես են Եփրատի ջրերը գարուն բերում և կանաչեցնում դաշտերը։ Սա առավել տպավորիչ է, քանի որ պահպանված Միջագետքի գրականությունը ժլատ է բնական երևույթների նկարագրություններում», - նշեց Խիմենեսը։
Հին Բաբելոն քաղաքի ավերակները գտնվում են Իրաքի մայրաքաղաք Բաղդադից մոտ 85 կիլոմետր հարավ: Դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում են:





























