Չինաստանի Առևտրի նախարարության և Չժեցզյան մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների ԶԼՄ ներկայացուցիչների համար միջազգային սեմինարի շրջանակում լրագրողները այցելեցին Լյանչժոուի թանգարան։ Մասնակիցների թվում էր նաև Հայաստանից ժամանած պատվիրակությունը, որի կազմում էին NEWS.am լրատվական գործակալության լրագրողները, որոնք գործուղվել էին Հայաստանում Չինաստանի դեսպանատան աջակցությամբ:
Ավելի քան 5300–4300 տարի առաջ Չինաստանի հարավում՝ Յանցզի գետի ստորին հոսանքում, Թայհու լճի ավազանում, գոյություն է ունեցել զարգացած Լյանչժու քաղաքակրթությունը: Այսօրվա դրությամբ այդ հին մշակույթի ժառանգությունը ներկայացված է Հանչժոու քաղաքում գտնվող Լյանչժոուի թանգարանում, որն այցելուներին ներկայացնում է այս հին քաղաքակրթության յուրահատուկ ձեռքբերումներն ու սոցիալական առանձնահատկությունները։
Թանգարանը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում՝ որպես կարևոր վկայություն ավելի քան 5000 տարվա պատմություն ունեցող չինական քաղաքակրթության գոյության մասին։
Թանգարանի ցուցանմուշների թվում են մոտ երկու տասնյակ մուլտիմեդիական նախագծեր, որոնք այցելուներին ծանոթացնում են Լյանչժոուի մշակույթին, բրնձի մշակման գործընթացին, Թայհու լճի տարածքում կլիմայական փոփոխություններին, ինչպես նաև կերամիկական և քարե արտեֆակտների վրա փորագրված խորհրդանիշներին և հիերոգլիֆներին։
Հավաքածուի մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում նեֆրիտային իրերը, որոնք համարվում են Լյանչժոուի նյութական և հոգևոր մշակույթի էությունը: Ծիսական նեֆրիտային իրերի տարածումը կարևոր դեր է խաղացել ավանդական արարողությունների համակարգի ձևավորման գործում՝ դառնալով Չինաստանի քաղաքակրթական ժառանգության հիմքը: Հենց դրանց շնորհիվ է, որ Լյանչժոուի մշակույթը յուրահատուկ տեղ է զբաղեցնում աշխարհի ամենահին քաղաքակրթությունների շարքում:
Պարույր Սինյավսկի, Մարիա Ասատրյան Հանչժոուից





























