26-ամյա Իլյա Բեզուգլիի ընկերուհին պատմել է Ադրբեջանում իր ընկերոջ կալանավորման մանրամասները, հաղորդում է «Օստորոժնո Նովոստին»։ 

«Անաստասիան ասել է, որ առավոտյան ժամը երեքի սահմաններում նրանից հաղորդագրություն է եկել, որ ոստիկանությունը ժամանել է իրենց տուն։ Այդ ժամանակ Անաստասիան քնած է եղել և չի լսել, թե ինչպես է Իլյան դուրս եկել բնակարանից։ Աղջիկը հավելել է, որ երիտասարդը վերցրել է իր անձնագիրը և բանկային քարտերը։

Անաստասիայի խոսքով՝ հուլիսի 1-ի առավոտյան բնակարանի տանտերը գնացել է ոստիկանական բաժանմունք՝ պարզելու, թե որտեղ է Իլյան։ Այնտեղ նրանք ասել են, որ որևէ տեղեկություն չունեն, Անաստասիան ձերբակալության մասին իմացել է միայն լրատվամիջոցներից։ Այժմ նա երկրորդ օրն է, ինչ տնից դուրս չի եկել, դեսպանատունը և Արտաքին գործերի նախարարությունն աղջկան ասել են, որ արդեն «ինչ-որ հարցում» են ուղարկել, բայց մինչ այժմ լրացուցիչ տեղեկություններ չկան։

Անաստասիան և Իլյան Բաքու են տեղափոխվել հունիսի սկզբին, երկուսն էլ աշխատում են որպես ազատ մասնագետներ, ուստի հաճախ են ճանապարհորդում: Իլյան աշխատել է Մոսկվայում գտնվող «BotFAQtor» ծրագրային ապահովման մշակման ընկերությունում: Հաճախորդների վերահսկողության և աջակցության բաժնի ղեկավարն «Օստորոժնո Նովոստի»-ին ասել է, որ ՏՏ ընկերությունը զբաղվում է կիբերանվտանգությամբ, իսկ Իլյան եղել է վաճառքի մենեջեր: Տղամարդը շփվել է հաճախորդների հետ և «հենց մշակող չի եղել», - ասում է BotFAQtor-ի աշխատակիցը: Ղեկավարի խոսքով՝ ձերբակալությունից առաջ Իլյան հաղորդագրություն է ուղարկել, որ հուլիսի 1-ին չի գալու աշխատանքի, քանի որ գործ ունի ոստիկանության հետ: Այդ ժամանակվանից ի վեր նա կապի մեջ չի եղել: Ընկերության աշխատակիցը նաև պարզաբանել է, որ ոչ ոքի թույլ չեն տալիս տեսնել տղային, նա դեռևս փաստաբան չունի, գրում է «Օստորոժնո Նովոստի»-ն: