Ալաբամայից 21-ամյա գիտնական Ջուլիան Բրաունը ներկայացրել է տնային պիրոլիզի համար նախատեսված իր սարքավորման վերջին տարբերակը։ Այն հավաքված է կենցաղային տեխնիկայի մասերից և օգտագործում է արևի էներգիան, իսկ որպես վերամշակման հումք ծառայում է սովորական, չտեսակավորված պլաստիկ աղբը։ Արդյունքում ստացվում է «պլաստոլին» նյութը՝ բենզինի մի տեսակ անալոգը։

«Պլաստոլին» տերմինը հորինել է հենց Բրաունը, այս նյութի օգտակարությունը մեծ հարցականի տակ է, փոխարենը դրա վնասն արդեն բազմիցս ապացուցված է, հայտնում է Техкульт-ը։ Բրաունը պլաստոլինի նմուշներ է ուղարկել գիտնականների և քիմիկոս բլոգերների, և բոլորը նշել են դրանում թունավոր նյութերի չափազանց բարձր պարունակությունը։ Պլաստոլինի ստացման գործընթացն ինքնին էկոլոգիապես մաքուր չէ, այն ստեղծում է բազմաթիվ սեփական թափոններ։ Բացի այդ, այն էներգատար է և, հետևաբար, ոչ շահավետ. արդյունքում վառելիքի տեսքով ավելի քիչ էներգիա է ստացվում, քան ծախսվել է պլաստիկի վերամշակման վրա։ Այդ պատճառով էնտուզիաստն օգտագործում է արևային մարտկոցներ՝ ծախսերը կրճատելու համար։

Այս տեխնոլոգիայի մեջ նորարարական ոչինչ չկա. սա պլաստիկի պիրոլիզի հայեցակարգի զարգացումն է, որն առաջարկվել էր դեռևս 1970-ականներին՝ վառելիքային ճգնաժամի ամենաթեժ շրջանում։ Պոլիմերները տաքացնելիս քայքայվում են, որից հետո անհրաժեշտ է զտել ստացված հեղուկ զանգվածը՝ ածխաջրածիններն առանձնացնելու համար։ Անցյալում սա արդիական չէր, սակայն այժմ մոլորակի վրա կտրուկ ավելացել է պլաստիկ աղբի քանակը, և միևնույն ժամանակ խստացվել են շրջակա միջավայրի պաշտպանության պահանջները։ Այդ պատճառով պլաստիկի նման վերամշակումը դարձել է պահանջված։

Գոյություն ունեն կոմերցիոն կառույցներ, ինչպիսիք են Sparta Group-ը և RES Polyflow-ն, որոնք մասնագիտացած են պլաստիկը վառելիքի վերամշակելու մեջ։ Նրանք պլաստիկի սկզբնական զանգվածի 60-80%-ն արդյունահանում են վառելիքի տեսքով, բայց դրա որակը նույնպես լավագույնը չէ։ Այս նյութն օգտագործվում է այդ ընկերությունների՝ դրան հարմարեցված տրանսպորտում։ Իրական նպատակն է սովորել պլաստիկից նվազագույն ծախսերով արդյունահանել թանկարժեք և օգտակար բաղադրիչներ, ինչպիսիք են տեխնիկական ածխածինը, մոմը, մեթանը, բութանը, ամոնիակը, քիմիական հումքը։ Եվ Բրաունը նույնպես այդ ճանապարհին է։