«Ես չգիտեմ։ Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա, թե ոչ», — լրագրողներին է ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վստահ է, որ կարող է վերջ դնել մարտական գործողություններին, հաղորդում է BBC-ն։

Երբ ԱՄՆ նախագահին հարցրել են, թե արդյոք պատերազմի դադարեցումը առաջնահերթություն է, Թրամփը պատասխանել է. «Այո։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար»։

Նախընտրական արշավի ընթացքում Թրամփը խոստացել էր 24 ժամում վերջ դնել Ուկրաինայում պատերազմին։ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփն արդեն այլ ժամկետներ էր նշում՝ խոստանալով կես տարվա ընթացքում հասնել զինադադարի։

Այս շաբաթ Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ Պուտինի հետ զրույցից հետո խոստովանել է, որ որևէ առաջընթացի չի հասել և հիասթափված է, իսկ Զելենսկու հետ զրույցից հետո ասել է, որ նրա հետ քննարկել է Ուկրաինային Patriot համակարգերի համար հրթիռներ ուղարկելու հնարավորությունը։